Օգոստոսի 29-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Հանդիպումը կայացել է Սլովենիայում ընթացող Բլեդի համաժողովի շրջանակում։
«Երկուստեք ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման, իսկ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ԼՂ բնակչության ծանր պայմաններն ու մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև իրավիճակի հաղթահարման հրատապությունը: ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում։
Միրզոյանը ողջունել է ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակի վերաբերյալ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից արված հայտարարությունները։
***
2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։
Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։
Հուլիսի 26-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ։ Նախապես հայտարարվել էր, որ հայկական կողմը բեռը կհասցնի Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահներն այն կտեղափոխեն Արցախ։ Օգնությունը տեղափոխող բեռնատար մեքենաները դեռ կանգնած են հայկական անցակետի մոտ։