Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու, այդ ճանապարհը չօգտագործելու հստակ որոշում կա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։
«Անցած երեք շաբաթներին քննարկումներ են եղել, և Արցախի իշխանությունների քննարկումները միայն հանգել են այն փաստին, որ այդ ճանապարհի գործարկումը մեզ համար անընդունելի է։ Մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք։ Այդ միջանցքով թե Արցախից Հայաստան, թե Հայաստանից Արցախ անխափան երթևեկությունը պետք է վերականգնվի։ Սա ամրագրաված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով»,- ասաց նա։
Դավիթ Իշխանյանի խոսքով՝ Կարմիր մահիկի միջոցով հումանիտար բեռ ուղարկելով, Ադրբեջանը փորձում է Կարմիր խաչին դուրս մղել Արցախից։
«Ադրբեջանը հերթական սադրիչ քայլն է անում և փորձում է աշխարհին ցույց տալ, որ իրենց կողմից բոլոր հնարավոր քայլերն արվում են Արցախի ժողովրդի կարիքները ապահովելու համար։ Կա ևս մեկ նրբություն, Ադրբեջանը փորձում է իր Կարմիր մահիկի միջոցով Արցախից դուրս մղել Կարմիր խաչի գրասենյակը, իսկ միջազգային այդ կառույցի ներկայությունը մեզ համար առավելություն է»,- նշեց Արցախի ԱԺ նախագահը։
***
Օգոստոսի 29-ին Ադրբեջանը հայտարարեց, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ այդ հարցով արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել: Նույն օրը երեկոյան հազարից ավելի արցախցիներ փակեցին Աղդամից Ասկերան մտնող ճանապարհը՝ թույլ չտալու համար ադրբեջանական հումանիտար բեռի մուտքը։
https://www.civilnet.am/news/748446/%d5%b0%d5%a1%d6%81-%d5%a5%d5%b6-%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ab%d5%bd-%d5%b0%d5%a5%d5%bf%d5%b8%d5%9e-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a5%d5%b6%e2%80%a4-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d6%81%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d6%83%d5%a1%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%a1%d5%b2%d5%a4%d5%a1%d5%b4-%d5%bd%d5%bf%d5%a5%d6%83%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d5%bf-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b0%d5%a8/