Արգենտինայի հայկական ռիթմերը

Վերջերս Երևանում հաջողությամբ հանդես եկավ Բուենոս Այրեսից ժամանած «Գայանե» պարախումբը, որը գործում է Արգենտինահայ մշակութային միության հովանու ներքո: Օրեր են անցել, բայց չի խամրում գեղարվեստական այդ համույթի թողած վառ տպավորությունը:

Ներկայացվածը ոչ թե սովորական, այլ ոգու պար էր: Օտար եզերքում ծնված ու հասակ առած մեր պարման-պարմանուհիները գլխավորապես խաչատրյանական մեղեդիների ուղեկցությամբ ցոլացնում էին իրենց սերն առ հայրենիքը ու նվիրումն ազգային ավանդույթներին:

Հայաստանյան բազմաթիվ պարախմբեր, կոմպոզիցիաներում ներառելով օտարամուտ տարրեր, խոստովանենք, հաճախ խաթարում են ավանդական-ազգային պարաոճը: «Գայանեի» դեպքում, սակայն, հայեցի մաքուր ձեռագիր էր։ Համերգային համարների ընդմիջումներին ցուցադրվող տեսաշարերը ստեղծում էին հեռավոր Արգենտինայում գտնվելու պատրանք: Ուշագրավ էր նաև Արգենտինահայ մշակութային միությանը նվիրված տեսապատումը: Անցած դարասկզբին ստեղծված ազգային այդ կառույցը կարելին, երբեմն նույնիսկ անկարելին է արել օտար ափերում հայ մշակույթի պահպանման ու զարգացման համար: Միության գործունեության մասին «Օրակարգը» զրուցել է կազմակերպության նախագահ Ադրիան Լոմլոմջյանի հետ, որը նաև Բուենոս Այրեսի «Հայ ձայն» (La voz Armenia) ռադիոկայանի տնօրենն է։

-Ադրիան, հակիրճ ներկայացնեիք Արգենտինահայ մշակութային միության ստեղծման ու գործունեության պատմությունը։

-Մեր միությունը ստեղծվել է 1925թ. Եղեռնից մի կերպ փրկված ու հեռավոր Արգենտինա հասած հայորդիների կողմից: Այն սկզբից ևեթ ունեցել է սոցիալիստական ուղղվածություն և սերտ կապեր հաստատել Խորհրդային Հայաստանի հետ: Օգնել է՝ ինչով ու ինչպես կարողացել է: Միաժամանակ եկեղեցիներ և ազգային դպրոցներ է հիմնել՝ նոր սերունդներին հայեցի դաստիարակելու համար:

Բուենոս Այրեսի Արծրունի վարժարանը, օրինակ, գործում է 1928-ից։ Այսօր այն ունի մանկապարտեզ, նախակրթարան և երկրորդական վարժարան, որտեղ մոտ 400 աշակերտ են հաճախում: Մեծ մասը՝ շուրջ 60%-ը, հայ երեխաներ են, մյուսները՝ տեղացիներ, որոնք նաև հայերեն են սովորում:

-Քանի՞ հայկական դպրոց կա Բուենոս Այրեսում։

-Հայկական ամենօրյա 7 դպրոց ունենք, որոնց աշակերտության թիվը շուրջ 2500 է։ Հայության թիվն Արգենտինայում մոտ 70-80 հազար է, հիմնական մասը Բուենոս Այրեսում է բնակվում: Մոտ 5 հազար հայ էլ ապրում է Կորդովայում:

-Անդրադառնանք Ձեր արմատներին։

-Մայրս ծնունդով արգենտինացի է: Հայրս ծնվել է Հալեպում և ուղիղ ութ տասնամյակ առաջ տեղափոխվել Արգենտինա: Մասնագիտությամբ լինելով լրագրող՝ 1956թ. օգոստոսի 7-ին նա հիմնեց «Հայ ձայն» ռադիոկայանը և վարեց այն մինչև իր կյանքի վերջ: Նպատակը առավել քան ազնիվ էր՝ թե՛ թարմ լուրեր հաղորդել հայրենիքից, թե՛ ազգային-ժողովրդական երգեր մատուցել մեր հայրենակիցներին:

Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի միջոցով պարբերաբար նյութեր էինք ստանում: Այն ժամանակ ես օգնում էի հորս, իսկ 2001-ից ընկերներիս հետ շարունակեցի նրա գործը:

Միայն Բուենոս Այրեսում 6 ռադիոժամ կա: Ճիշտ է, այժմ մենք շաբաթը մեկ անգամ ենք եթեր դուրս գալիս, սակայն ունկնդիրների խնդրանքով մտադիր ենք ավելացնել ժամաքանակը: Մեզ լսում են ոչ միայն Արգենտինայում, այլև հարևան երկրներում ու Հայաստանում: Հաղորդումները հիմնականում իսպաներեն են, բայց կան նաև հայկական էջեր: Էլ չեմ նշում մշտապես հնչող հայկական երաժշտության մասին:

-Խոսենք Արգենտինահայ մշակութային միության ծրագրերի մասին։

-Մեր միության շրջանակում 1955-1962 թթ. գործել է «Արամ Խաչատրյան» երգչախումբը: Ունեցել ենք նաև թատերախումբ: Խմբերից ամենաերկարակյացը «Գայանե» պարախումբն է, որն արդեն կես դարից ավելի պատմություն ունի (ստեղծվել է 1960թ.): Խմբի անդամները 45-ն են։ Հայերից բացի՝ կան օտարազգիներ, ինչպես նաև խառն ամուսնությունների զավակներ: Ամեն ջանք գործադրեցինք, որպեսզի ամբողջ խումբն այցելի Հայաստան, շփվի հայրենի ժողովրդի հետ, նոր լիցքեր ստանա:

Արգենտինահայ մշակութային միությունն ունի նաև երիտասարդաց ու կանանց միություններ: Շուրջ երկու տարի է, ինչ գործում է Հայ մշակույթի դպրոցը, որտեղ, պարից բացի, թատերական ներկայացումներ են բեմադրվում, անվճար ուսուցանվում ազգային արհեստներ ու արվեստներ:

-Իսկ ի՞նչ կասեք տեղի հայկական պարբերականների մասին։

-Մեզ մոտ լույս են տեսնում բազմաթիվ հայկական թերթեր: Արգենտինահայ մշակութային միությունը ևս թերթեր է լույս ընծայել՝ «Հայ մամուլ», «Վերելք», «Երևան», «Սևան» և այլն: Հիմա, տասը տարուց ավելի է՝ հրատարակում ենք «Նոր Սևան» 12-էջանոց ամսաթերթը, որի ամբողջ 2000 տպաքանակը բաժանվում է տեղի ազգային հաստատություններին ու կառույցներին:

Զրուցեց Լևոն Լաճիկյանը