Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարեց, որ հրաժարական է տալու։ Հարությունյանի այս որոշման մասին ՍիվիլՆեթը մեկնաբանություններ է վերցրել Արցախի Ազգային ժողովի պատգամավորներից։
Ազգային ժողովի երկրորդ ուժի՝ Սամվել Բաբայանի Միասնական հայրենիք խմբակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանն ասաց, որ չեն մեկնաբանում, քանի որ իրենց համար ամեն ինչ անսպասելի էր, և ոչ ոք իրենց հետ չի քննարկել նախագահի հրաժարականի հարցը։
«Համենայն դեպս, Ազգային ժողովում Միասնական հայրենիք խմբակցության հետ որևէ մեկը այդ հարցի շուրջ ոչինչ չի խոսել»,- ասաց Պետրոսյանը։ Պատգամավորը չբացառեց, որ մոտ օրերս նախագահի հրաժարականի թեմայով հայտարարություն կանեն։
Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ասաց, որ այս պահին հարմար չէ մեկնաբանություն տալ, քանի որ մասնակցում է ժողովի։
Արդարություն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին հարցրինք, թե իրենց համար անակնկալ էր արդյոք նախագահի հայտարարությունը։ Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ այդ հարցը շատ են տալիս, և չի կարծում, որ տեղին է․ «Որովհետև բոլորը գիտեին, որ մեր քաղաքական թիմը բազմիցս խոսել է դրա մասին, և ներկայիս նախագահի հրաժարականն այս իրավիճակում բեկում մտցնելու հնարավորություն էր դիտարկում։ Մենք դրա հիմնավորումները ևս տվել ենք՝ նաև վերջին լայն խորհրդակցության ժամանակ, որ տեղի ունեցավ Ազգային ժողովում։ Մեր կուսակցության ղեկավարը ներակայացրել է հնարավոր տարբերակներից մեկը՝ հրաժարականը, բերելով դրա հիմնավորումները։ Մենք համարում էինք, որ կա երկու տարբերակ՝ կա՛մ երկրի նախագահը պիտի կարողանա կամք դրևսորել, ի նպաստ Արցախի որոշումներ կայացնել և հետաուտ լինել դրանց, կամ դերակատարը պարզապես պիտի փոխվի, որն ունակ կլինի դա անել»։
Իշխանական «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն ասաց, որ առաջին անգամ չէ, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին նման լուրեր են պտտվում։ Պատգամավորն ասաց, որ այսօր նախագահ Հարությունյանն ընդունել է իրենց և հայտնել որոշման մասին, եղել են քննարկումներ․ «Նախագահը կարծում է, որ եթե այս փուլում դերակատարի փոփոխություն չապահովենք, իրավիճակը կարող է ավելի ճգնաժամային դառնալ, և ամենածայրեղ լուծումներն են կանխատեսվում»:
Արամ Հարությունյանը չի կարծում, որ նախագահի հրաժարականի որոշումը միայն ներքին խնդիրներով է պայմանավորված․ «Ամեն դեպքում, նախագահի հիմնավորումների մեջ որևէ առնչություն չկա ներքին կյանքին»։
Կա՞ արդյոք նախագահի նոր թեկնածու
Ընդդիմադիր Մետաքսե Հակոբանը հարցը կոռեկտ չհամարեց, քանի որ ընդամենն ակնկալվում է նախագահի հրաժարական։ Իսկ Արամ Հարությունյանն ասաց, որ նման քննարկում չեն ունեցել նախագահի թեկնածուի մասին։
Նախքան հրաժարականի որոշման մասին հայտարարելը՝ Արայիկ Հարությունյանը Սամվել Շահրանանյանին նշանակեց Արցախի պետնխարար, որն այդ պաշտոնում փոխարինեց Գուրգեն Ներսիսյանին։
Երկու պատգամավորներն էլ նոր պետնախարարի նշանակումը դրական են գնահատում։
«Այնքանով, ինչքանով ճանաչում եմ պարոն Շահրամանյանին․․․ նա իրեն դրսևորել է որպես հանուն Արցախի պայքարող տեսակ։ Կարծում եմ՝ ցանկության ու կամքի դրևսորման դեպքում, ինչը բազմիցս ցուցադրել է պարոն Շահրամանյանը, նրա մոտ ստացվելու է»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Հարությունյանն էլ ասաց, որ Շահրամանյանի հետ վաղուց է ծանոթ, միասին աշխատել են, պարկեշտ, խելացի և իր պարտականությունները պատշաճ կատարող պաշտոնյա է։
Լուրեր են շրջանառվում, որ Սամվել Շահրամանյանը Արցախի նախագահ թեկնածու է։ Արամ Հարությունյանն ասաց, որ այս հարցին չի կարող պատասխանել, քանի դեռ նա նախագահի թեկնածու չէ։
Սամվել Շահրամանյանի մասին հանրության լայն շերտերը իմացան 2018-ին, երբ նա Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվեց ԱԱԾ տնօրեն՝ այդ պաշտոնում փոխարինելով Արշավիր Ղարամյանին։ Արայիկ Հարությունյանի ընտրվելուց հետո Շահրամանյանը նշանակվեց նոր ստեղծված Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության ղեկավար։ 2023-ին էլ նշանակվեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։ 2023-ի մարտի 1-ին նա մասնակցել է Արցախի, Ադրբեջանի ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահների միջև հանդիպմանը։
Նախագահի հրաժարականը կխորացնի՞ Արցախի ներքաղաքական ճգաժամը
Նախագահի հրաժարականն արդյոք կխորացնի՞ Արցախի ներքաղաքական ճգաժամը։ Կա կարծիք, որ Արցախը կարող է կանգնել ավելի մեծ քաոսի առաջ։
Մետաքսե Հակոբյանն ասում է, որ նման վերլուծաբանները կա՛մ Հայաստանի իշխանությունների վարձկաններն են, կա՛մ բավարար գիտելիքներ չունեն․ «Մենք բազմաթիվ ծրագրեր ներկայացրել ենք գործող նախագահին ու ելքեր ցույց տվել։ Չեմ կարծում, որ հետագայում ավելի մեծ քաոս է սպասվում, եթե մենք կարողանանք իրականում անել այն, ինչը երկար ժամանակ ծրագրված իրականացնող չի եղել, և այն մնացել է թղթի վրա։ Ես չեմ անկնալում ավելի մեծ քաոս, քան հիմա է, ընդհակառակը՝ տեսնում եմ քաոսի հանգուցալուծում»։
Օգոստոսի 28-ին Արցախի Ազգային ժողովում գումարվել էր ընդլայնված արտահերթ նիստ։ Վեցժամյա հանդիպումից հետո Արցախի նախագահը խորհրդարանի առջև հավաքված ցուցարաներին հայտնեց, որ նիստի օրակարգում էր նաև իր հրաժարականի հարցը, որը հետագայում պիտի քննարկման առարկա դառնա։
*****
Արցախի նախագահին կարող է ընտրել խորհրդարանը։ Այս փոփոխությունը խորհրդարանն ընդունել էր դեռ հունիսին։ Հուլիսի 14-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է այդ փոփոխությունը, որն ուժի մեջ է մտել։ Համաձայն փոփոխության՝ ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովը նախագահ է ընտրում մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան յոթ, ոչ ուշ, քան տասը օր հետո։ Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը: Սա նշանակում է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում խորհրդարանի ընտրած նախագահը կպաշտոնավարի մինչև 2025-ը։ Հարությունյանն ընտրվել է 2020-ի մայիսին՝ հինգ տարի ժամկետով։