Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել անկախության հանրաքավեի անցկացմանը

 

 Իսպանիայի ինքնավար համայանք Կատալոնիայի խորհրդարանը հաստատել է անկախության հանրաքվեի անցկացումը: Այն տեղի կունենա նոյեմբերի 25-ին համայնքում կայանլիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում, հաղորդում է ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ-ը:

Հանրաքավեի անցկացմանը կողմ է քվերակել 84 պատգամավոր, 47-ը՝ դեմ: Նոյեմբերի 25-ին ընտրությունների անցկացման մասին այս շաբաթ հայտարարել էր Կատալոնիայի վարչապետ Արթուր Մասը:  

Վերջինս իր որոշումը պայմանավորել էր հանգամանքով, որ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը անցած շաբաթ հրաժարվել է քննարկել Բարսելոնի՝ պետական գանձարան հարկային մուտքերի մակարդակն ինքնուրույն սահմանելու իրավունք տրամադրող փաստաթղթի ստորագրման հնարավորությունը։ Այդպիսի արտոնություններ ունի Բասկերի երկիրը, սակայն Մադրիդը դժվար կհամակերպվեր Կատալոնիային էլ դրանց տրամադրման հետ․ այսօր Կատալոնիան՝ որպես դոնոր շրջան, տարեկան պետական գանձարան է վճարում €12-16 մլրդ-ով ավելի, քան հետ է ստանում։