«Եվրոպական ժառանգության օրերը» կընթանան «Ճանապարհ» խորագրով


«Եվրոպական ժառանգության օրերը» անց են կացվում յուրաքանչյուր տարի, աշնանը՝ 50-ից ավելի եվրոպական երկրներում, որոնց ընթացքում հասարակությանը հնարավորություն է ընձեռվում նորովի ճանաչել և բացահայտել մշակութային ժառանգությունը:

2012 թ. ՀՀ-ում «Եվրոպական ժառանգության օրերը» կընթանան «Ճանապարհ» խորագրի ներքո:
Այն բազմիմաստ բառ է և կարող է ընկալվել որպես «Հոգևոր ճանապարհ», «Գրական ճանապարհ», «Մետաքսի ճանապարհ» և այլն: Սեպտեմբերի 29-30-ին Հայաստանի բոլոր մարզերում մի շարք պատմամշակութային հուշարձաններ, 50-ից ավելի թանգարաններ՝ շուրջ 110 միջոցառումներով, և հատուկ ցուցադրություններով կհյուրընկալեն հասարակության լայն զանգվածների: Նշենք, որ նախորդ տարի ծրագրին միացած թանգարանների թիվը 24- ն էր:
Սեպտեմբերի 29-30-ին «Եվրոպական ժառանգության օրերին» մասնակցող թանգարանների մուտքը կլինի անվճար:

Եվրոպայի խորհրդի կողմից ծրագիրը պաշտոնապես ընդունվել է 1991 թ., իսկ 1999 թ.-ից այն իրականացվում է Եվրախորհուրդ – Եվրամիություն համագործակցությամբ` «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսով: ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2004 թ. սկսած Հայաստանում ամեն տարի անցկացվում են «Եվրոպական ժառանգության օրեր» :