Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակն արագորեն վատթարանում է, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեղի բնակչության կարիքները բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն է տեսնում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի խոսնակը, փոխանցում է «Արմենպրես»-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի վերաբացման և Աղդամի ճանապարհի բացման հարցերը և յուրաքանչյուր ճանապարհով մատակարարումների հետ կապված մանրամասները․ «ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը և նախագահ Միշելի թիմը հաճախակի կապի մեջ են եղել Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ մուտքի ապաշրջափակման լուծում մշակելու համար։ Տեղում ներկայիս հումանիտար իրավիճակն արագորեն վատթարանում է։ Տեղի բնակչության կարիքների բավարարման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը հրամայական է»։
Ըստ հայտարարության՝ Եվրոպական խորհրդի նախագահն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցում, որը «կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը»։
«Այս քայլերի հաջորդականությունը և բեռների տեսակը, որը կմատակարարվի այս ճանապարհներից յուրաքանչյուրով, ինչպես նաև դրան հաջորդող ընթացակարգերը, եղել են վերջին քննարկումների առանցքում: ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն անցյալ համաձայնագրերի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման, և նշում է, որ մատակարարումների համար Աղդամի ճանապարհի օգտագործումը նույնպես կարող է լինել հրատապ և ամենօրյա հիմնական կարիքների ապահովման կոնկրետ և կայուն լուծման մաս»,- գրված է հայտարարությունում։
Նշվում է, որ այս տարրերի շուրջ քննարկումները սկսվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումից հետո։
«ԵՄ-ն նաև ընդգծել է Բաքվի կողմից Ղարաբաղի հայերին հստակ պատկերացում տալու անհրաժեշտությունը՝ Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և Հայաստանից վերադարձի ընթացակարգերի առումով: Զուգահեռաբար, շփումները կենտրոնացել են նաև Ղարաբաղի հայերին էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումների շուտափույթ վերականգնման վրա»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ շփումների ընթացքում ԵՄ-ն շեշտել է հակամարտության ժառանգությանն անդրադառնալու անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ կայուն լուծմանը նպաստելու համար:
«Այս առումով կարևոր կլինի Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը։ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, իսկ կոնկրետ եղանակների շուրջ քննարկումները պետք է սկսվեն հնարավորինս արագ։ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը վստահության և հուսալիության ամրապնդման կարիք ունի։ Այդ նպատակով ԵՄ-ն տարբեր առաջարկներ է ներկայացրել այս գործընթացին միջազգային աջակցության, ինչպես նաև տեղում ներգրավվածության առումով՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու նպատակով», – նշված է հայտարարությունում:
Ըստ Եվրոպական խորհրդի նախագահի խոսնակի՝ վերոնշյալ բոլոր ջանքերը միակ նպատակն է ապահովել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների «անշրջելի կարգավորումը՝ ի շահ տեղում գտնվող ողջ բնակչության»։
«Այժմ եկել է խիզախ փոխզիջումային լուծումների ժամանակը՝ նաև հաշվի առնելով ներկայիս էսկալացիան»,- ասված է հայտարարությունում։
Եզրափակելով՝ Եվրոպական խորհրդի նախագահի խոսնակը նշում է, որ ներկա իրավիճակի լուծում գտնելու համար ԵՄ-ն շփումներ է ունեցել տարբեր միջազգային դերակատարների հետ։