Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը սեպտեմբերի 4-ին հայտնեց, որ Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով և մեկ անձի հաշվով կվաճառվի կես հաց։ Այս որոշումը կայացվել է արդեն նոր պետնախարար Սամվել Շահրամանյանի օրոք, որը նշանակվել է օգոստոսի 31-ին՝ փոխարինելով Գուրգեն Ներսիսյանին։
ՍիվիլՆեթը ավելի վաղ՝ օգոստոսի 28-ին, Արցախի դեռ նախկին պետնախարարին գրավոր հարցում էր ուղարկել՝ խնդրելով հիմնավոր բացատրություն տալ, թե ինչու շրջաններում (օրինակ՝ Մարտունու շրջանում) հացի բաշխման համար կտրոնային համակարգ է ներդրվել, իսկ Ստեփանակերտում՝ ոչ։ Հաջորդ օրը Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի աշխատակազմը մոտ երկու էջանոց պատասխան ուղարկեց, որը ստացանք երկու օր ուշացումով։
Հացի բաշխումը կտրոններով իրացնելը վեր է ածվել հասարակական պահանջի։ Դրա անհրաժեշտության մասին նշում էին շատերը։ Ստեփանակերտի բնակիչ Նվեր Գասպարյանը Ֆեսյբուքի իր էջում գրեց, որ չի հավատում, թե հնարավոր չէ կարգավորել Ստեփանակերտի հացի խնդիրը։ Սոցիալական ցանցի օգտատերը թվարկեց դրա ակնկալվող առավելությունները․
Բորիս Առուշանյանը, որն Արցախի բարձրաստիճան ղեկավարներից մեկն էր ճգնաժամային փուլում՝ առաջին պատերազմի և դարձյալ շրջափակման ժամանակ (գործադիր և մասամբ օրենսդիր իշխանություն ներկայացնող Արցախի պաշտխանության պետական կոմիտեի նախագահի տեղակալն էր), ևս կարծում է, որ պետք է հացի բաշխման կտրոններ տրամադրել՝ հաշվի առնելով մեկ շնչին հասնող պաշարները․ «Դա կօգնի խուսափել հերթերից ու նյարդերի քայքայումից»։
Ալյուրի քանակի խիստ փոփոխական և ամեն օրվա անկանխատեսելի քանակ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո Արցախը շրջափակման մեջ է, իսկ հունիսի 15-ից Արցախ ոչ մի հումանիտար բեռ չի մտնում։ Նամակում ասվում է, որ մինչև հունիսի 15-ը կառավարությունը միջոցներ է ձեռնարկել ոչ միայն բնակչությանը հացով ապահովելու ուղղությամբ, այլև զուգահեռ պաշարներ են կուտակվել, որոնք օգտագործվել են հունիսի 15-ից հետո։ Ըստ պատասխանի՝ ստացված պաշարները սպառելուց հետո կազմակերպվել է նաև ցորենի բերքահավաք, որից ստացված բերքը շրջաններից հավաքագրվել ու դրանից ստացած ալյուրը ուղղվել է հացի պահանջները բավարարելուն։
Դրանից հետո նախկին պետնախարարի աշխատակազմի ղեկավարը պարզաբանում է, թե ինչու է առաջացել ալյուրի քանակի խիստ փոփոխական և ամեն օրվա անկանխատեսելի քանակ։ Պատճառները շատ են․
- վառելիքի սղությունը առաջացնում է ցորենի հավաքագրման, ալրաղացներ, իսկ անյտեղից՝ ստացված ալյուրը հացի արտադրամասեր տեղափոխելու խնդիրներ,
- պահեստամասերի բացակայության և ներկրման անհնարինությամբ պայմանավորված՝ ալրաղացների ու հացի արտադրամասերի սարքավորումների հետ կապված տեխնիկական խնդիրները լուծելու դժվարություններ,
- գազով աշխատող փռերի բացակայություն ու հովհարային անջատումներ։
«Ալյուրի չափաբաժնով կատարված հաշվարկը պարբերաբար կարող է խաթարվել»
Նախկին պետնախարարի աշխատակազմը գրում է նաև, որ ամեն օրվա համար առաջանում է մեկ շնչի համար կոնկրետ չափաբաժին սահմանելու խնդիր, քանի որ հացը բնակչությանը տրամադրվում է ոչ թե մեկանգամյա, այլ ամենօրյա ռեժիմով։
«Հացաթխումը կրում է շուրջօրյա բնույթ, այդ պատճառով չափաբաժինը պետք է սահմանվի տրված ալյուրի քանակի հաշվարկով, մինչդեռ գրեթե ամեն օր ամենատարբեր պատճառներով խաթարվում է նաև հացի փռերի աշխատանքը, ուստի ալյուրի չափաբաժնով կատարված հաշվարկը պարբերաբար կարող է խաթարվել»,- ասվում է նամակում։
Նախկին պետնախարարի օրոք կարծում էին, որ կտրոնային համակարգով անհնար է հերթերից խուսափել
Ըստ նախկին պետնախարարի աշխատակազմի՝ հացի իրացումը կտրոնային համակարգով իրացնելու համար անհրաժեշտ է լինելու որոշակի պարբերականությամբ Ստեփանակերտի մի քանի տասնյակ հազար բնակչությանը նաև կտրոն տրամադրել․ «Կտրոնի առկայության դեպքում, երբ ամենատարբեր պատճառներով անհնարին է դառնում կտրոնի սպասարկումը, դա առաջացնում է հավելյալ խնդիրներ, իսկ կտրոնային համակարգի դեպքում դրանցից խուսափելն ուղղակի ահնհնար է»։
Նաև կան տեսակետներ, որոնց համաձայն՝ առկա հացը պետք է բաժանել Ստեփանակերտի բնակչության թվաքանակով, և եթե մեկ շնչին բաժին է հասնում նույնիսկ մեկ հինգերորդ հաց, ապա այն տրամադրել այդ կերպ։ Սրան ի պատասխան՝ կրկին նշվում է, որ օրվա հստակ չափաքանակը կանխատեսելը լի է դժվարություններով․ «Այդուհանդերձ նման կարգով հացի տրամադրումը ոչ միայն մեծացնելու է հերթերի քանակը, այլև կրկին հարուցելու է լրացուցիչ դժվարություններ»։
Պատասխան գրության մեջ կտրոնային համակարգով հերթերից խուսափելու անկարելիության պատճառներից նաև նշվում է Արցախում և մասնավորապես Ստեփանակերտ քաղաքում «ընտանիք» միավորի որոշված չլինելը․ «Ինչը շատ հաճախ առաջացնում է բազմաթիվ խնդիրներ ընտանիքին հատկացվող այս կամ այն ապրանքը կամ սննդատեսակը ընտանիքի անդամներից հնարավորինս քիչ թվով մարդկանց ներգրավելու միջոցով տրամադրման գործընթացում։
Օգոստոսին հացի արտադրամասերը ապահովվել են 50-70 տոկոսով
Նամակում ասվում է, որ օգոստոսին հնարավոր չի եղել հացի արտադրամասերն ամբողջությամբ ապահովել ալյուրի անհրաժեշտ քանակով․ ամեն անգամ այն ապահովվել է ամենատարբեր՝ 50-70 տոկոսի չափով, որի ժամանակ ակնհայտ էր, որ հացով բոլորին միաժամանակ ապահովելը չէր ստացվի, իսկ կտրոնը հերթերի թվի կրճատմանը չէր կարող նպաստել։
Հերթերը ինքնակարգավորելու այլ եղանակ ընտրվեց
Կառավարությունը փորձ է արել կարգավորել գործընթացը կտրոնային համակարգ ներդնելու փոխարեն Արցախի պետական եկամտուների կոմիտեի, տեսչությունների կառավարման կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների ներգրավմամբ, որոնք պետք է վերասհկեին ալյուրի տրամադրված քանակը հացաթխմանն ուղղելու և արտադրված հացը երկու հատից ավելի չտրամադրելու գործընթացը, ինչպես նաև բացառեին հացի իրացման անարդար կամ հերթի խախտմամբ դեպքերը։ Դրա մասին հայտրարվեց օգոստոսի 2-ին, և իրոք մի քանի օրով հացի հերթերը կարգավորվեցին։ Նամակում ասվում է, որ այդ ընթացքում հիշյալ ծառայությունները ներկայացնող անձինք արձանագրել են իրենց գործառույթը ոչ բավարար չափով կատարելու դեպքեր․ «Հիշյալ ծառայողները պետք է նպաստեին նաև հերթերի ինքնակարգավորմանը, ինչն առանձին արտադրամասերում կանոնակարգվել ու հստակեցվել է»։
Նամակում ասվում է, որ արձանագրվել են դեպքեր, երբ միևնույն անձը երկու վայրերում հերթ էր կանգնել ու հաց գնել, ինչը բացահայտվել էր շրջիկ ծառայությունների միջոցով․ «Սակայն այդպիսի դեպքերը չեն կազմել այնպիսի թիվ, որը կարող է իր ազդեցությունն ունենալ հացի իրացման գործընթացի վրա»։
Հուլիսի կեսերից վառելիքի սղության պատճառով փուռերը հացը չէին առաքում խանութներ, ինչը նպաստում է հացի արտադրամասերի առջև հերթերի գոյացմանը։ Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբից սկսվեցին մեծ հերթեր գոյանալ, մարդիկ սկսեցին ինքնակազմակերպվել՝ հերթագրվել։ Խնդիրը, ինչպես նշվեց, որոշ ժամանակով կարգարվովեց, սակայն օգոտոսոսի կեսերից սկսեցին կրկին հերթեր ձևավորվել, գնալով խնդիրը լրջանում էր, երկու օրվա հերթացուցակ էր կազմվում, իսկ վերջերս եղան դեպքեր, երբ մարկդանց չհաջողվեց նույնիսկ հաց գնել։
Ինչու այլ բնակավայրերում, այնումանեայնիվ, կտրոնային համակարգ ներդրվեց, իսկ Ստեփանակերտում՝ ոչ
Օգոստոսի 23-ից Մարտունի շրջանի համայնքներում կտրոններ ներդրվեցին, որոնցից սկսեցին օգտվել հաջորդ օրվանից։ Օգոստոսի 28-ից Ասկերանի քաղաքապետարանում մեկնարկեց հացի կտրոնների տրամադրման գործընթացը։ Օգոստոսի 30-ից Մարտակերտի քաղաքապետարանը հայտնեց, որ հացի բաշխման գործընթացը կարգավորելու նպատակով բնակիչներին տրամադրվելու են կտրոններ:
«Մարտունի քաղաքում և փոքր այլ համայնքներում կտրոնային համակարգով իրացումը նպատակահարմար է, քանի որ բնակչությունը սակավաթիվ է և ալյուրի անհրաժեշտ քանակը հնարավոր է տրամադրել փռերին, ընդամենը մնում է կտրոնով հավասարաչափ բաշխում կատարելը»,- ասվում է պատասխանում։
Ինչու էլեկտրոնային կտրոնավորման համակարգ չի ներդրվել
Նախկին պետնախարարի աշխատակազմից պարզաբանում են, որ փորձ է արվել նաև էլեկտրոնային կտրոնավորման համակարգ ձևավորել և հացի իրացման գործընթացը կազմակերպել սմարթֆոնների միջոցով, սակայն հացի փռերում էլեկտրոնային գրանցման համար հավելյալ ժամանակի ծախսումն ու բազմաթիվ մարդկանց կողմից այդ ծրագրից օգտվելու անհնարինությունը կամ դժվարությունը թույլ չի տվել անցում կատարել նման եղանակի։
Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ
Տե՛ս նաև՝
«Արցախ. 12-ամյա Տիգրանի օրն սկսվում ու ավարտվում է հացի հերթում»