Ռուսամետ դերակատարները հակաուկրաինական քարոզչությամբ թիրախավորում են Հայաստանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սոչիում, Ռուսաստան, 2023-ի հունիսի 9-ին (Աղբյուր՝ Ռամիլ Սիտդիկով, Reuters)

Անի Մեջլումյան, Ռոման Օսադչուկ

Հոդվածը հրապարակվել է ԱՄՆ Ատլանտյան խորհրդի Digital Forensic Research Lab (DFRLab) կազմակերպության կայքում։

Ռուսամետ աղբյուրների տարածած կասկածելի մեջբերումներն օգտագործվում են Հայաստանում Ուկրաինայի հեղինակությունը խաթարելու համար։

Ռուսամետ դերակատարները կեղծ և ապակողմնորոշող պատմույթներ են տարածում, որոնք բացասական համեմատություններ են անում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Պատմույթները համընկնում են Հայաստանի կառավարության՝ Ռուսաստանին կշտամբող վերջին հայտարարությունների հետ։ Ձևակերպումները երբեմն շահարկում են Լեռնային Ղարաբաղում հայերի դժգոհությունները՝ հակաուկրաինական տրամադրություններ խթանելու համար:

Ռուսամետ դերակատարները պարբերաբար հակաուկրաինական պատմույթներ են տարածում Հայաստանում: Այնուամենայնիվ, Հայաստանը վերջերս ավելի բացահայտ է քննադատում Մոսկվային և Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Հայաստանի իշխանության՝ Ռուսասատանից հեռանալուն զուգահեռ Հայաստանն ավելի ու ավելի է թիրախավորվում իր և Ուկրաինայի միջև անցկացվող համեմատական պատմույթներով։

2023-ի մայիսի 16-ին Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն ասել էր, որ Հայաստանը Ռուսաստանին վճարել է զենքի համար, բայց դրա դիմաց ոչինչ չի ստացել։ Ավելի վաղ՝ 2022-ին, նման հայտարարություն էր արել վարչապետ Փաշինյանը՝ առանց Ռուսաստանի անունը տալու։ Մայիսի 22-ին ՀԱՊԿ-ում իր մասնակցությունն էականորեն նվազեցնելուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ ռազմական դաշինքից։ Հաջորդ շաբաթ, CNN Prima News-ին տված հարցազրույցում Փաշինյանը խոստովանեց. «Սա երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ տեսանելի է։ Մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք Ուկրաինայի հետ պատերազմում»:

Ռուսամետ դերակատարները Զելենսկուն են վերագրում Բախմուտի մասին կասկածելի մեջբերումը

Մայիսի 21-ին, երբ Ռուսաստանը հայտարարեց Բախմուտ քաղաքը գրավելու մասին, ռուսամետ փորձագետները Ֆեյսբուքում կասկածելի մեջբերում տարածեցին, որոնք առանց ապացույցների վերագրեցին Զելենսկուն։ Ըստ հրապարակումների՝ Զելենսկին, իբր, արհամարհանքով է խոսել Բախմուտի մասին՝ քաղաքը բնութագրելով որպես «վնասով աշխատող և սուբսիդիաներից կախված»: Այն տարածվել էր Զելենսկու լուսանկարի տակ: Պատկերը, կարծես թե, առաջին անգամ Ֆեյսբուքում տեղադրել է ոմն «Սերգեյ Համբարձումյան» օգտատեր՝ «Նույն պատմությունը, Զելենսկին և Նիկոլ [Փաշինյանը] մեկը մյուսից կապիկ դուրս եկան» վերտառությամբ։

Զելենսկուն վերագրվող կեղծ մեջբերմամբ էկրանակադրը (աղբյուր՝ Сергей Амбарцумян/archive)

Ֆեյսբուքում այն այնուհետ տարածել է Կարեն Քոչարյանը՝ իշխանության քննադատ, որը հաճախ է հանդես գալիս Սպուտնիկ Արմենիա և ընդդիմադիր «5-րդ ալիք» հեռուստաալիքով։ Քոչարյանն իր գրառումը վերնագրել է. «Սրանք սաղ copy-paste արած պերսոնաժներ են»՝ նկատի ունենալով ռուսական պետական քարոզիչների կողմից հաճախ շրջանառվող դավադրության տեսությունը, թե 2018-ի հեղափոխությունից հետո Արևմուտքն է նշանակել Հայաստանի ղեկավարներին։

Փաստերի ստուգման հարթակը (FIP) ապացույցներ է փնտրել Զելենսկուն վերագրվող «Բախմուտը որպես վնասով աշխատող և սուբսիդիաներից կախված քաղաք» հայտարարության, բայց դրա մասին որևէ չի արձանագրում չի կարողացել գտնել: FIP-ը եզրակացրել է, որ մեջբերումը կեղծ է:

Բախմուտի՝ սուբսիդավորումից կախված լինելու մասին պատմույթի արմատները նախորդում են 2014-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը: 2010-2013 թթ․ Դոնբասի շրջանը կենտրոնական կառավարությունից ամենաշատ սուբսիդիա ստացող շրջաններից մեկն էր։ Դոնբասը Ուկրաինայի համար կարևոր արդյունաբերական շրջան է, տեղացիները հաճախ օգտագործում էին «Դոնբասը կերակրում է Ուկրաինային» կարգախոսը։ Այնուամենայնիվ, հիմնականում տեղական էլիտաներն էին շահույթ ստանում՝ բազմաթիվ բնակիչների թողնելով անորոշ ֆինանսական իրավիճակում: Այս անհավասարությունը լարվածություն էր ստեղծում տեղի բնակչության և կենտրոնական իշխանությունների միջև, ինչը Ռուսաստանը շահարկեց 2014-ին արևելյան Ուկրաինայում պատերազմից առաջ։

Երբ 2014-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները լարվեցին, Կրեմլամետ լրատվամիջոցները հարցականի տակ դրեցին՝ արդյոք Ռուսաստանին անհրաժե՞շտ է սուբսիդավորվող այս տարածաշրջանը: Մինչ 2022-ը, սակայն, այս ձևակերպումը փոխվեց. հայտնվեցին նոր պատմույթներ, որոնցում Ռուսաստանը մեղադրում էր Ուկրաինային Դոնեցկի և Լուգանսկի այսպես կոչված «հանրապետություններին» «ապամարդկայնացնելու» համար՝ դրանք անվանելով «սուբսիդավորվող»: Պատմույթները վերածվեցին տարածաշրջանի սուբսիդավորման մասին դավադրության տեսությունների: Այս ձևակերպումը շարունակական թշնամանքի տպավորություն էր ստեղծում Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքների և Դոնբասի միջև՝ սովորական ծղոտե խրտվիլակի մարտավարություն, որը համահունչ էր ռուսական քարոզչությանը:

Զելենսկուն վերագրվող մեջբերումը, ըստ երևույթին, ծագել է ռուսական լրատվամիջոցներում և բազմիցս շրջանառվել։ Օրինակ, փետրվարի 20-ին Corriere Della Sera-ի հետ Զելենսկու հարցազրույցի մասին ռուսաստանցի կրեմլամետ լրագրող Դմիտրի Սմիրնովը հեգնանքով ներառել է մի տող, որտեղ Զելենսկին իբր Բախմուտը նկարագրում է որպես «ամեն դեպքում դոտացիաներ ստացող» («все равно был дотационный»), բայց հետո գիծ քաշել այդ արտահայտության վրա՝ ցույց տալու, որ Զելենսկին մտածել էր այդ մասին, բայց իրականում չէր ասել։

Դմիտրի Սմիրնովի՝ փետրվարի 20-ի տելեգրամյան գրառումը Զելենսկու՝ Corriere Della Sera-ին տված հարցազրույցի վերաբերյալ, որտեղ նրա ջնջած տողը ենթադրում է, որ նախագահը Բախմուտը բնութագրել է որպես «все равно был дотационный» («ամեն դեպքում դոտացիաներ ստացող»): (Աղբյուր՝ dimsmirnov175/archive)

Մեկ այլ ուշագրավ օրինակ հայտնվեց ապրիլի 9-ին «Սվոբոդնայա պրեսա»-ում հրապարակված հոդվածում, որտեղ մեջբերումը վերագրվում էր անանուն «հասարակական կարծիքի առաջնորդների»: Մեջբերման այս տարբերակում Բախմուտը նկարագրվում է որպես «սպասող դավաճանների անպետք սուբսիդավորվող փոքրիկ քաղաք, որը հատակի տախտակների տակ պահում է [ռուսամետ] Սուրբ Գեորգիի ժապավենները»:

Էկրանակադր «Սվոբոդնայա պրեսա»-ից՝ կարմիրով ընդգծված «սպասող դավաճանների անպետք սուբսիդավորվող փոքրիկ քաղաք, որոնք հատակի տախտակների տակ պահում են Սուրբ Գեորգիի ժապավենները» մեջբերումով։ (Աղբյուրներ՝ Svobodnaya Pressa/արխիվ)

Կասկածելի մեջբերումը հաճախ հայտնվում էր հետևյալ մակագրությամբ՝ «Բախմուտը նույնպես դժբախտ և դժգույն վայր էր»: Վերնագրում հղում է արվել 2021-ին վարչապետ Փաշինյանի արած հայտարարությանը, երբ նա քննարկում էր Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի կորստի հարցը։ Փաշինյանը քաղաքը բնութագրել էր որպես «դժբախտ և դժգույն» և եզրակացրել, որ քաղաքում պայմանները վատթարացել էին։ Հայտարարությունը վրդովմունքի ալիք էր բարձրացրել, քանի որ քաղաքը խորհրդանշական էր հայերի համար, ինչպես Բախմուտը՝ ուկրաինացիների:

Բախմուտի և Փաշինյանի «դժբախտ և դժգույն» մեջբերումների միջև առաջին համեմատությունը տեղի է ունեցել 2023-ի մարտին ընդդիմադիր «5-րդ ալիք» հեռուստաալիքով, որը կապված է Հայաստանի ռուսամետ նախկին նախագահ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկեր Ռոբերտ Քոչարյանի հետ։ Մարտի 6-ի պատմությունը վերնագրված էր. «Բախմուտը կհռչակվի «դժբախտ ու դժգույն» քաղաք. ԱԹՍ-ների պտույտ, անդադար պայթյուններ՝ Ուկրաինայում»: Մեկնաբանություններում ընդգծված էին համեմատությունները Փաշինյանի հետ, որոշ մեկնաբաններ Զելենսկուն անվանում էին «Երկրորդ Նիկոլ», այլ կերպ ասած՝ վարչապետ Փաշինյանի երկրորդ օրինակը։

Հայկական հայտնի Hraparak.am կայքը հղում էր անում Զելենսկուն վերագրվող մեջբերմանը և ենթադրում, որ Զելենսկին ու Փաշինյանը կենսաբանորեն կապված են։ Ռուսական տելեգրամյան ալիքները նույնպես զուգահեռներ անցկացրին Հայաստանի և Ուկրաինայի միջև, որոշ ալիքներ Հայաստանին սպառնացին Ուկրաինայի ապագայով: Հունիսի 2-ին ավելի քան 158 000 հետևորդ ունեցող Zloy Zhurnalist («Զայրացած լրագրող») ալիքն արձագանքեց Փաշինյանի՝ Հայաստանը Ռուսաստանից հեռանալու հայտարարությանը՝ ասելով. «Մոտավորապես այնտեղ եք, որտեղ խոխոլներն էին 2012-ին»:

Մայիսի 24-ին ռուսական ARMAGEDDONYCH հեռուստաալիքը, որը պատկանում է ռուսաստանցի պրոպագանդիստ, պատժամիջոցների տակ գտնվող Եվգենի Սատանովսկուն, մեկնաբանեց Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին հայտարարությունը։ Սատանովսկին իր 180 000-ից ավելի բաժանորդներին ասում էր, թե Հայաստանը կդառնա ևս մեկ «թուրքական նահանգ», և հարց էր ուղղում, թե ինչու պետք է Պուտինը «ավելի հայ լինի, քան Հայաստանի վարչապետը»: Նա նաև պնդում էր, որ ԱՄՆ-ն իր գլոբալ օրակարգն իրականացնելու համար խաղադրույք է կատարել պոպուլիստ առաջնորդների վրա, ինչպիսիք են Զելենսկին և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Գրառումը հավաքել է մոտ 4000 հավանում:

Կառավարության մեկ այլ ռուսամետ քննադատ, «Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ-ի նախագահ Սարգիս Տեր-Եսայանը նույնպես հրապարակել է Զելենսկու ենթադրյալ մեջբերումը։ Նա այն մակագրել է. «Բախմուտը դժգույն ու դժբախտ քաղաք էր։ Չե՞ք նմանեցնում… ահա և թմրամոլներին իշխանության բերելու արդյունքը»: Տեր-Եսայանը Ֆեյսբուքում մի քանի այլ հակազելենսկիական գրառումներ է արել։

Հունիսի 4-ին նա հրապարակեց ծաղրանկար, որտեղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Զելենսկուն ասում էր ՝ «Կվճարես հակահարձակումից հետո», իսկ Զելենսկին նայում է չեկին, որի վրա գրված է․ «Մուրհակ ռուսաֆոբիայի համար»: Ծաղրանկարի վերնագրում ասվում է. «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան պատերազմի ավարտից հետո պետք է վերադարձնի Ուկրաինա ուղարկված միջոցները»։ Ծաղրանկարը նույն օրը հայտնվեց ռուսալեզու Iranian Journalist’s Diary տելեգրամյան ալիքում։

«Տոկոսներով հետ են ուզելու։ Վայ մոլորված ուկրաինացիներ, բավական չի էտքան հարյուր հազարավոր զոհեր տվեցիք, հիմա էլ ամբողջ կյանքներդ աշխատելու եք միլյարդավոր դոլարների պարտքերը փակեք և ձեր քաղաքները վերականգնեք»,- գրել է Տեր-Եսայանը։

Տեր-Եսայանի ֆեյսբուքյան գրառման էկրանապատկերը՝ նախագահներ Բայդենի և Զելենսկու ծաղրանկարով։ (Աղբյուր՝ Սարգիս Տեր-Եսայան/արխիվ)

Մեկ այլ գրառման մեջ Տեր-Եսայանը պնդում է, որ Զելենսկին ասել է, իբր «ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի հույսերը գնալով խամրում են»։ Նա, սակայն, սխալ էր հասկացել կամ, գուցե, շահարկել էր Զելենսկու ավելի վաղ արած մեջբերումը, որտեղ նա մեկնաբանում էր ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին միանալու այլ երկրների, այլ ոչ թե Ուկրաինայի ձգտումները: Մասնավորապես, հունիսի 1-ի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Զելենսկին ասել էր. «Նույնիսկ ուկրաինացիները, որոնք արյամբ են ապացուցում իրենց հավատարմությունն ազատությանն ու միացյալ Եվրոպայի արժեքներին, դեռ հստակ դրական պատասխան չեն լսել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին, մյուսների հույսերը լրիվ ի դերև են ելնում»։ (Շեշտադրումը`ավելացված):

Տեր-Եսայանի գրառումը պարունակում էր նաև լուսանկար՝ ապրիլի 3-ին Զելենսկու տեսաուղերձից, որում նրա դեմքը փոփոխված էր «տխուր դեմքի» զտիչով:

Տեր-Եսայանի ֆեյսբուքյան գրառման էկրանապատկերը՝ Զելենսկու խեղաթյուրված մեջբերմամբ և փոփոխված լուսանկարով։ (Աղբյուր՝ Սարգիս Տեր-Եսայան/արխիվ)

Էկրանապատկեր Զելենսկու ապրիլի 3-ի տեսաուղերձից, որն ընդգծում է Տեր-Եսայանի շահարկված գրառման կրճատված պատկերը (Աղբյուր՝ president.gov.ua/archive)

Մանիպուլյատիվ ներկայացված և մոլորեցնող պատմույթների օգտագործումը Հայաստանում շարունակում է խթանել հակաուկրաինական տրամադրությունները: Ու մինչ Հայաստանը հեռանում է Ռուսաստանից, աճում է Զելենսկուն հայկական տեղեկատվական տարածքում վարկաբեկելու այս փորձերի թիվը, ինչի օրինակը Բախմուտ քաղաքը «սուբսիդավորումից կախված» լինելու և «դժգույն ու դժբախտ» անվանելու ջանքերն են: Միասնաբար դրանք ամրապնդում են ավելի լայն ռուսամետ պատմույթը, ըստ որի՝ և՛ Զելենսկին, և՛ Փաշինյանը պարզապես Արևմուտքի նշանակած ֆիգուրներ են:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել