Ագրեսիվ հակաքարոզչություն Ֆեյսբուքում՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի մրցակիցների

Մկրտիչ Կարապետյան

«Փաստերի ստուգման հարթակ»-ը սեպտեմբերի 4-ին հրապարակել էր հոդված՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագրին» սատարող ֆեյսբուքյան կեղծ էջերի ակտիվացման, դրանց կողմից Տիգրան Ավինյանի հակառակորդներին վարկաբեկելու մասին։ Այս օրերին ֆեյսբուքյան այդ էջերը ստեղծում են տեսանյութեր, լուսանկարներ, որոնք գովաբանում են ՔՊ թեկնածուին և սևացնում նրա մրցակիցներին՝ հիմնականում Հայկ Մարությանին և Մանե Թանդիլյանին։

«Փաստերով», «Ճիշտը», «Հզոր Հայաստան», Armenia News, «Խորհրդավոր երևանցի», C News ֆեյսբուքյան էջերը, ըստ հրապարակման, համաժամանակյա ակտիվությամբ Ավինյանի մրցակիցներին վարկաբեկելու գործին են լծվել, նաև հազարավոր դոլարներ ծախսել Ֆեյսբուքում իրենց ստեղծած բովանդակությունը գովազդելու համար։ Այդ բովանդակությունը հիմնականում վերաբերում է Մարությանի՝ Չեխիայում ունեցած գույքերին ու զավակների քաղաքացիությանը, ՔՊ-ն լքելուն և այլնի։ Այս էջերը Ավինյանին են վերագրել Երևանի տրանսպորտային բարեփոխումները։ Նորահայտ այս էջերի հրապարակումները երբեմն ակտիվ տարածում են ՔՊ-ական պաշտոնյաներ։

Սեպտեմբերի 3-ից սկսած այս էջերի ակտիվությունը բազմապատկվել է։ ՍիվիլՆեթը նույնականացրել է ևս մի քանի էջ, որոնք նախընտրական շրջանում զբաղված են ՔՊ-ի ընդդիմախոսների պիտակավորմամբ։

Hayrenyac էջը Ֆեյսբուքում ստեղծվել է այս տարվա օգոտսոսի 9-ին՝ Հայկ Մարությանի կողմից որպես քաղաքապետ առաջադրվելու հայտարարությունից մեկ օր անց։ Ստեղծումից հետո առաջին հրապարակումը Երևանում հասարակական տրանսպորտի փոփոխություներին է վերաբերում, և այդ փոփոխությունները վերագրվում են Տիգրան Ավինյանին, ներկայացվում են կադրեր, երբ Ավինյանը ծանոթանում է գերմանական MAN ավտոբուսներին, ողջունում վարորդներին և այլն։ Hayrenyac ֆեյսբուքյան էջը տարածել է նաև այն հայտնի տեսանյութը, որտեղ եվրոպական ավտոբուսների ձեռքբերման համապատասխան պայմանագրի կնքման տեսանյութից մոնտաժել ու հեռացրել էին Հայկ Մարությանին։ Այս էջը թեպետ ունի փոքր քանակի հավանումներ, ներկայում երեք հրապարակում որպես ակտիվ գովազդ է շրջանառում Ֆեյսբուքում։ Դրանք վերաբերում են Հայկ Մարությանի՝ «Չեխիայի միլիոններին», Մարությանի զավակների քաղաքացիությանը։ Եվս մեկ տեսանյութ Hayrenyac-ը տարածել է «Հայաստանում իշխանազավթման ռուսական պլան»-ը վերնագրով, որտեղ պատմվում է, թե ինչպես է Ռուսաստանը ցանկանում ազդել Երևանի ընտրությունների վրա։ Այսպես կոչված ռուսական պլանի ներքո ներկայացվում են Մանե Թանդիլյանը և Հայկ Մարությանը։ Այս երեք հրապարակումները գովազդի ներքո են ցուցադրվում նաև Instagram սոցիալական ցանցում։

«Ժողովրդի ձայնը» անունով ֆեյսբուքյան էջը վերջին անգամ սոցցանցում ակտիվություն էր դրսևորել 2019-ին, երբ դեռ արդիական էր Սահմանադրական դատարանում Հրայր Թովմասյանի հետ կապված թնջուկը։ Չորս տարի անց ՔՊ-ին սատարող ֆեյսբուքյան էջի ակտիվությունը վերականգնվել է։ Սեպտեմբերի 4-ին էջում է հայտնվել Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի 2021-ի դեկտեմբերի քննադատական ելույթը Հայկ Մարությանի իմպիչմենտի շրջանակում։

Armenian Zone էջը ստեղծվել է 2020-ի հուլիսին։ Էջն ունի 22 000 հավանում։ Օգոստոսի 15-16-ին էջում գովազդ է դրվել Հայկ Մարությանի՝ «Կարգին հաղորդման» դրվագներից մեկի կնոջ կերպարով լուսանկարը։

Այս հրապարակումը գովազդելու համար էջը ծախսել է առավելագույնը 100 դոլար, թիրախային լսարանը 1 մլն մարդ է, որոնց հասնելու էր հրապարակումը։ Որպես թիրախային շրջան է ընտրվել Երևանը։ Այս էջում ընդդիմադիր հայացքներ ունեցող այլ անձանց ու ուժերին թիրախավորող հարյուրավոր այլ հրապարակումներ կան։

ՔՊ-ին սատարող կայքերի՝ անցած շաբաթվա վերջից սկսված այս ակտիվության ու տարածվող խոսույթի հիմնական ուղղությունը մեղադրանքն է Հայկ Մարությանի հասցեին՝ «ռուսական նախագիծ» լինելու մասին։ Այս թեմայով ստեղծվում են տեսանյութեր, լուսանկարներ։ «Հայ շինարար» անունով ֆեյսբուքյան էջը նաև հնարքի է դիմել, ռուսական դրոշի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ֆոնին հայտնվել են Հայկ Մարությանի, Մանե Թանդիլյանի և Անդրանիկ Թևանյանի լուսանկարները, կից գրառմամբ. «Ընտրեք միայն այս թեկնածուներին որպես Ռուսաստանի բարեկամներ և ոչ թե մեր դաշնակցի հետևում Արևմուտքի հետ աշխատող ՔՊ-ական սրիկաներին»։

Առաջին հայացքից այս պարզ բովանդակությունը նպատակ ունի իբր նույնականացնել այս մարդկանց ռուսական իշխանություննեի հետ՝ այդպիսով ստեղծելով ռուսների և այդ մարդկանց կապի վերաբերյալ հակազդեցություն։ Հրապարակումը ներկայում ակտիվ գովազդի փուլում է, որպես թիրախ ընտրված մարդկանց թիվը 500 000-ից 1 մլն է, գովազդի համար ծախսվել է 100-200 դոլար։ Հրապարակումը գովազդվում է բացառապես երևանցիների շրջանում։

«Հայ շինարար» էջը սոցցանցում գրանցված է 098 023 720 հեռախոսահամարով։ Զանգահարեցինք այս համարով, անհասանելի էր։ Էջի հասցե նշվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքը։ Այս տեղեկությունները ֆեյսբուքյան էջում հայտնվել են սեպտեմբերի 3-ին։

Ագրեսիվ այս քարոզչությանը զուգահեռ օրերս «Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարել էր, որ Քաղաքացիական պայմանագիրը 4000 դրամով մարդկանց է հավաքագրում Տիգրան Ավինյանի քարոզարշավին մասնակցելու համար։ ՔՊ-ն հերքել է այդ մեղադրանքը։

Մեկնաբանել