Ավետ Բարսեղյա՞ն, թե՞ Կոմիտաս

Լուսանկարում՝ Սամվել Մելոյանը

Որքան էլ համացանցային միջոցները նեղացնում ու փոքրացնում են հեռուստալսարանի չափերը, և տեղեկատվության ապահովման առումով արդեն իսկ հեռուստատեսությունը հետ է մնում մեդիայի այլ միջոցներից, այնուամենայնիվ, այն դեռ մնում է ժամանցի տարածված ձև։ Բազմազան մրցակիցների հետ պայքարում հեռուստաընկերությունները փորձում են իրենց տեղն այդ դաշտում ապահովել հենց նրանց զենքով՝ սեփական կոնտենտը հասանելի դարձնելով նաև համացանցի տիրույթում։

Սերիալներ, թոք շոուներ և երաժշտություն՝ ահա այն հիմնական բովանդակությունը, որը դեռ նախընտրում է հեռուստաէկրանին տեսնել մեր հասարակությունը։ Բայց դա էլ ժամանակի հարց է։ Սերնդափոխությունը նաև այստեղ է մեծ խմբագրումներ կատարելու, քանի որ ավանդաբար հեռուստատեսություն գերադասում է ավագ սերունդը։ Երիտասարդները, եթե նույնիսկ հեռուստաարտադրանքով են հետաքրքրվում, գերադասում են այն հարմար ժամի դիտել YouTube-ի տարածքում։

Ակնհայտ է, որ հայկական արտադրության հեռուստասերիալները, անվերջ կրկնելով իրար թե սյուժեների նմանությամբ, թե դերակատարներով, թե ասելիքով, կորցրել են այն մեծ լսարանը, որն ունեին հինգից տասը տարի առաջ։ Այսօր օտար լեզուների տիրապետող երիտասարդությունը Netflix-ի և այլ կինոարտադրող ալիքների ֆիլմերն է դիտում, և նրան այլևս հետաքրքիր չեն անբովանդակ հայկական սերիալները։

Հեռուստատեսային թոք շոուները օր օրի դիրքերը զիջում են ավելացող պոդքաստներին, դե իսկ երբեմն աղմուկի հասնող, երբեմն էլ՝ ականջակալից միայն լսողին հասանելի երաժշտությունն ամենուր է՝ ավտոմեքենաների ձայնարկիչից մինչև մետրո, բարերից ու ռեստորաններից մինչև ընտանեկան միջավայր։ Հեռուստատեսությունների մենաշնորհն այդ արվեստի ասպարեզում մնացել են երաժշտական ամենատարբեր ձևաչափի մրցույթները։

Թեև այդպիսի մրցույթներ պարբերաբար նկարահանել ու եթեր են հեռարձակել թե Հանրայինը և թե «Արմենիա»-ն, այնուամենայնիվ, առաջատարը մնում է «Շանթ»-ը։ Քիչ հեռուստանախագծեր են այնքան մեծ հետաքրքրություն առաջացրել, որքան «Ազգային երգիչ 2» մրցույթը։

Տասնամյակի վաղեմություն ունեցող հայկական երգի առաջին մրցույթը «Շանթ»-ում կոչվում էր «Ժողովրդական երգիչ»։ Դրա հաղթող Սևակ Ամրոյանն այսօր նույն բովանդակությամբ, բայց արդեն «Ազգային երգիչ» անվանված հեռուստամրցույթի ժյուրիի անդամ էր։ Առաջին «Ազգային երգիչ»-ն ի հայտ բերեց օժտված մի քանի կատարողների, բայց հայ հեռուստադիտողը նկատեց, որ երկրորդ նախագիծը կարողացել էր հավաքել շատ ավելի մեծ թվով տաղանդավոր երիտասարդների։ Այնպիսի տպավորություն էր, որ լավագույն տասնյակում հայտնվածներից յուրաքանչյուրն արդեն հաղթել է բազմաթիվ այդպիսի մրցույթներում, ունի հսկայական բեմական ու համերգային փորձ։

Աչքի էր զարնում մեկ այլ առավելություն ևս։ Նրանք, ի տարբերություն նմանատիպ այլ մրցույթների մասնակիցների, միմյանցից խիստ տարբեր անհատականություններ էին։ Տարբեր էին թե երգացանկով, թե կատարման ոճով, թե ձայնային տվյալներով և թե հուզական ազդեցություն գործելու կարողությամբ։ Յուրաքանչյուր մրցութային օր, երբ տասներկուսից մեկը հեռուստադիտողի քվեարկության արդյունքում դուրս էր մնում պայքարից, մարդիկ ցավում էին, որ այլևս չէին ունկնդրելու տվյալ մասնակցի կատարումները։

Ի վերջո, մեծ հանրային հետաքրքրություն առաջացրած այդ մրցույթում հաղթեց տասնյոթամյա Սամվել Մալոյանը։ Վստահորեն կարող ենք ասել, որ իր տարիքի համեմատ հարուստ ինտելեկտ, հրաշալի ձայն, կատարման զարմանալի վարպետություն ունեցող համակրելի արտաքինով այս պատանին լինելու է ժամանակակից հայ երգարվեստի աչքի ընկնող դեմքերից մեկը։ Նա այսօր՝ չափահասության շեմին, արդեն ավելի մեծ վարպետություն է ցուցաբերում, քան աստղ ու աստերոիդ հռչակված շատերը։ Որևէ կերպ չէինք ցանկանա, որ այս հրապարակումը Սամվել Մալոյանին թերագնահատելու փորձ ընկալվի, սակայն կար մեկը, որն անգամ շնորհալի այդ երիտասարդների մեջ եզակի էր։

Արսեն Զաքարյանի ամեն կատարում՝ Կոմիտաս լիներ, թե Շարլ Ազնավուր, խորապես ցնցում էր լսողին, հուզում ու համակում։ Ձայնի խիստ յուրօրինակ տեմբրով, ընտրված երգերի բարձր ճաշակով ու կատարման անմիջականությամբ Արսենը տարբերվում էր մինչ այսօր ցուցադրված բոլոր մրցույթների մասնակիցներից։

Ժյուրի անդամները չէին կարող չնկատել նրա այս բացառիկությունը։ Նրանք գովեստի շռայլ, բայց և տեղին գնահատականները չէին խնայում՝ արքայական ձայն, պատմության խորքերից եկող առոգանություն, ազգային երգի վաղնջական ակունքներից բխող պարզություն, հույզի ու ապրումի ազնվություն։

Նա չհաղթեց։ Չենք ուզում կասկածել, թե այդ փաստը իսկապես հեռուստադիտողի քվեարկության արդյունք էր, ժողովրդի ընտրություն։ Սամվել Մալոյանի երգացանկում հիմնականում Ավետ Բարսեղյանի կամ խորհրդանշական իմաստով՝ ավետբարսեղյանական հանրամատչելի երգեր էին, Արսեն Զաքարյանինը՝ առավելապես Կոմիտաս կամ կոմիտասյան։ Ժողովուրդն ընտրեց առաջինը։

Մի անգամ էլ նշելով Սամվել Մալոյանի անտարակուսելի արժանիքների մասին, ցանկանանք, որ քաղաքականությունից մինչ արվեստ ամեն մի ընտրության պարագայում մեր ժողովրդի երկընտրանքը լավի ու լավագույնի միջև լինի, ոչ թե՝ վատի ու վատթարի։

Եվ մի բան էլ։ Արմեն Դավթյան, Նարեկ Պողոսյան, Սևակ Ամրոյան։ Առաջին՝ «Ժողովրդական երգիչ» մրցույթի այս եռյակից այսօր մեծ հաշվով ասպարեզում է միայն Սևակը։ Մինչդեռ մյուս երկուսն էլ կարող էին մնալ ժամանակակից երգարվեստի բեմում։ Չէինք ցանկանա, որ պատմությունը կրկնվեր նաև «Ազգային երգիչ» մրցույթի հաղթողների հետ։ Սամվել Մալոյանը, ինչպես և տասներկու լավագույնների մեծ մասը, կարող է փայլել ու իր տեղը գրավել աշուղական, ժողովրդական կամ փոփ ժանրի երկրպագուների սրտում։

Իսկ Արսեն Զաքարյանը պարտավոր է։

Հովհաննես Երանյան

Մեկնաբանել