Calcio Mercato-ն` Հենրիխ Մխիթարյանի մասին

Հոկտեմբերի 12-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Իտալիա հանդիպումից առաջ իտալական լրատվամիջոցները շարունակում են ներկայացնել իրենց առաջիկա հակառակորդ Հայաստանի ընտրանուն և անդրադառնալ մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին: Այս անգամ Մխիթարյանի հասցեին գովեստի խոսքեր չի խնայել Calcio Mercato-ն:

«Հենրիխ Մխիթարյան. անունը փոքր ինչ բարդ է արտասանել, բայց շուտով նրան կհիշեն ինչպես Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստի: Անկեղծ լինենք, Հայաստանն աշխարհին մեծ ֆուտբոլիստներ չի տվել, բայց այս տղան բոլոր հնարավորություններն ունի բացառություն լինելու, եթե արդեն այդպիսին չէ: Նա ոչ միայն իր երկրի ազգային հավաքականի աստղն է, այլև Միրչա Լուչեսկուի գլխավորած ուկրաինական «Շախտյորի»»,- գրում է Calcio Mercato-ն որից հետո անդրադառնում է Հենրիխի կենսագրությանն ու կրկին գովաբանում մեր ընտրանու առաջատարին:

«Մխիթարյանն ունիվերսալ ֆուտբոլիստ է: Լուչեսկուն նրան օգտագործել է նաև հենակետայինի դիրքում, քանի որ Հենրիխը շատ լավ է տեսնում դաշտը: Նա սիրում է շատ պարզ գործել խաղադաշտում. երբեք չի չարաշահում դրիբլինգը, նրա համար միշտ առաջնայինը թիմային հաջողություն է:

Այժմ Մխիթարյանն այլ գոտում է խաղում: Ինչպես ազգային հավաքականում, այնպես էլ «Շախտյորում» նա կատարում է ենթահարձակվողի և փլեյմեյքերի դերը ու շատ ավելի հաճախ է հայտնվում հարվածային դիրքում: Նրա ցուցադրած արդյունքներն իսկապես տպավորիչ են և փոքրիկ ռեկորդն արդեն կայացել է. նա դարձել է առաջին հայ ֆուտբոլիստն ում հաջողվել է գոլ խփել Չեմպիոնների լիգայում»:

Մարզական գործընկեր SportArmenia.com