Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության և ողջամիտ ժամկետում գործերի քննության խնդիրները, հաղորդում է նախագահի լրատվակն ծառայությունը :

Խորհրդկացության ընթացում զեկույցներ են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Հանրապետության նախագահը հանձնարարել է զեկույցներում ներկայացված առաջարկները լրացուցիչ քննարկման առարկա դարձնել և նախապատրաստել անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են առաջին ատյանի դատարաններում գործերի` ողջամիտ ժամկետում քննությանը խոչընդոտող մի շարք պատճառներ, ինչպիսիք են մասնավորապես դատարանների ոչ համաչափ ծանրաբեռնվածությունը` կապված տարածքային ընդդատության հետ, ինչպես նաև նույն դատարանի դատավորների միջև գործերի ոչ համաչափ բաշխվածությունը:

 «Մեկ անգամ չէ, որ առիթ եմ ունեցել ասելու, որ դատարանների բնականոն գործունեությանը վերաբերող ցանկացած խնդիր պահանջում է լրջագույն վերաբերմունք: Նման հարցերին վերապահումներով մոտեցումները պարզապես անթույլատրելի են և աններելի: Արդարադատության համակարգի արդյունավետությունը չի կարող և չպետք է կախված լինի կոնկրետ անձանցից կամ այդ անձանց թերի ու անբարեխիղճ աշխատանքից:

Դատարանների ծանրաբեռնվածության և գործերի արագ քննության հարցին մենք անդրադառնում ենք երկրորդ անգամ: Այս հարցին անդրադարձել ենք մեկ տարի առաջ, և այդ ժամանակ բացահայտվել էին այս առումով դատական համակարգում առկա թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ խնդիրներն ու տրվել էին դրանք վերացնելուն ուղղված հստակ հանձնարարականներ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ դատարաններում գործերը չպետք է որակի հաշվին արագ քննվեն և հապճեպ որոշումներ կայացվեն, բայց արհեստական ձգձգումներն ուղղակի անթույլատրելի են:

Նախագահը հանձնարարել է կատարել օրենսդրական փոփոխություններ և մի շարք դատարաններում դատավորների ծանրաբեռնվածության վիճակագրական տվյալների ամփոփման արդյունքներից ելնելով՝ ավելացնել դատավորների քանակը: