Երևանում բացվել է «Գրքերի աշխարհ» կենտրոնը, այն հիմնադրել է «Սոխոսենթր» ընկերությունը։ Այս սովորական ու դրական լուրը, որը սեպտեմբերի 7-ին հայտնվեց լրատվամիջոցներում, իր խորքում ներառում է մի քրեական գործի ընթացքի վրա ազդելու հնարավորություն։ Խոսքը այն «Գրքերի աշխարհ» կենտրոնի մասին է, որի կառուցման համար հատկացված հողամասը, ըստ իրավապահների, հափշտակվել էր Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի ու նրա որդու՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից։
Սեպտեմբերի 7-ին «Գրքերի աշխարհ» կենտրոնը բացվել է Կողբացի 36/4 հասցեում։ Ըստ «Մեդիամաքս»-ի հրապարակման՝ այն բացվել է «Սոխոսենթր» ՍՊԸ-ի և Հայաստանի մշակութային հիմնադրամի համագործակցությամբ։
«Մեր քաղաքում գիրքը պետք է նշանակություն ունենա: Այսօր ընթերցողների թիվը բավարար չէ: Նման կենտրոնները մարդկանց հնարավորություն են տալիս կարդալ, զրուցել ու քննարկել: Սա կարեւոր հարթակ է»,- խոսելով «Գրքերի աշխարհ»-ի հիմնման մասին՝ ասել է Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը։
«Գրքերի աշխարհ». քրեական գործ, ուշացած «ներդրումներ»
Այս տարվա օգոստոսին գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի, նրա որդու՝ Սերգեյ Սմբատյանի ու գործարար Արման Պետրոսյանի նկատմամբ։ Մատնանշվող տարածքը գտնվում է Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի հարևանությամբ։
Ըստ դատախազության՝ 2011-ին Արմեն Սմբատյանը իր մտերիմին խնդրել է որդու համար հիմնադրել ընկերություն՝ հանձին «Սոխոսենթր»-ի։ Հիմնադրումից հետո ընկերության տնօրենը Երևանի քաղաքապետին է ներկայացրել ներդրումային ծրագիր, որով առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի և Երևանի՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ հիմնել «Գրքերի աշխարհ» բազմաֆունկցիոնալ կենտրոն։ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը ևս հավանություն է տվել այս ներդրումային ծրագրին, ու 2012-ին կառավարությունը որոշում է ընդունել ներդրումային ծրագիրը հավանության արժանացնելու մասին։ Նախատեսվում էր, որ Կողբացի 36 հասցեում «Գրքերի աշխարհ» կառուցելու նպատակով ներդրվելու է 800 միլիոն դրամ։ Մշակույթի նախարարը հետագայում կնքել էր գույքի օտարման պայմանագիր, բայց պայմանագրում որևէ նշում չէր եղել 800 միլիոնի ներդրման պարտավորության մասին։ Արդյունքում 300 քառակուսի մետր մակերեսով հողամասը Երևանի կենտրոնում անցել էր «Սոխոսենթր»-ին (որի սեփականատերերը, ըստ դատախազության, Արմեն և Սերգեյ Սմբատյաններն են)։ Այս տարածքում կառուցվել է մեծ բիզնես կենտրոն, վարձակալությամբ գրասենյակային տարածքներ են տրամադրվում տարբեր ընկերությունների՝ հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների թեքումով։
Ըստ ներդրումային փաթեթի՝ «Գրքերի աշխարհ»-ը պիտի կառուցվեր ու ավարտվեր մինչև 2016-ի նոյեմբերը, սակայն մինչև 2023-ի սեպտեմբերի 7-ը որևէ տեղեկություն դրա գոյության մասին չկար։
Եւ ահա սեպտեմբերի 7-ին մշակույթի գործիչները ազդարարել են «Գրքերի աշխարհ»-ի գոյությունը այն պայմաններում, երբ քննվում է քրեական գործ, Սմբատյանները մեղադրյալ են, Սերգեյ Սմբատյանը գտնվում է տնային կալանքի տակ, իսկ Արմեն Սմբատյանը կալանավորված է քրեակատարողական հիմնարկում։
Կարելի է ենթադրել, եթե ոչ պնդել, որ «Գրքերի աշխարհ»-ի բացումը կապ ունի քրեական գործի և դրանով գործի վրա ազդելու հետ։
ՍիվիլՆեթն այցելեց «Գրքերի աշխարհ»։ Նորաբաց այս տարածքը ներառում է ընթերցանության համար առանձնացված տարածք, ներսում գործելու է գրքերի վաճառակետ, ընթերցասրահ, քննարկումների սրահ։
Տարածքը դեռ նույնիսկ ամբողջությամբ կահավորված չէ, գրքերով համալրվելու անհրաժեշտություն ևս կա։ Տարածքը որոշ չափով կարող է օգտագործվել նաև co-working ձևաչափով։ Այնուհանդերձ, ակնհայտ է, որ «Գրքերի աշխարհ»-ում 800 միլիոն դրամ ներդրման առկայությունը խիստ կասկածելի է։

Գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կարող է ազդել «Գրքերի աշխարհ»-ի հիմնումը քրեական վարույթի վրա, կարո՞ղ է դիտարկվել այն հնարավորությունը, որ ստանձնած պարտավորությունները «Սոխոսենթր»-ը կատարել է՝ տարիներ անց բացելով այս կենտրոնը։ Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը, պատասխանելով մեր հարցին, ասել է՝ մեր կողմից նկարագրված արարքը ներդրումային պարտավորությունների կատարում համարվել չի կարող. «Այդ պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետն ավարտվել է 2016 թվականին: Արարքը վկայում է այն մասին, որ անձը, իմանալով իր վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի և դրանից բխող հետևանքների մասին, փորձ է արել ստեղծել իր պարտականությունների կատարման պատրանք: Կրկնում եմ՝ սա ներդրումային պարտավորությունների կատարում համարվել չի կարող»,- փոխանցեց Մարտիրոսյանը։
Մկրտիչ Կարապետյան