Հալեպի հայ համայնքում մարդասիրական աշխատանքները շարունակվում են

Հալեպի հայ համայնքի դրության մասին ՍիվիլՆեթը զրուցել  է Հալեպի ազգային առաջնորդարանի լրատվության պատասխանատու Ժիրայր Ռաիսյանի հետ:

Ինչպիսի՞ն է իրավիճակը հայկական նոր գյուղ թաղամասում և իրենց տները լքած մարդիկ կարողացե՞լ են հետ վերադառնալ:

-Իրավիճակը բավականին հանդարտ է, և այդտեղ բախումներ չկան: Նրանք,ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները հիմնականում դեռ չեն վերադարձել, սակայն կան նաև վերադարձողներ: Մարդիկ չեն վերադառնում և զգուշանում են, քանի որ  հարևան Բոստան Փաշա շրջանում կառավարական բանակի և ընդդիմադիրների միջև բախումներ են տեղի ունենում: Բացի այդ՝ այդտեղ առկա է դիպուկահարների վտանգը:

-Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Սուլեյմանիյե և այլ հայաբնակ թաղամասերում երեկվա ռմբակոծություններից հետո:

-Որպէս համայնքի խոսնակ՝ կարող եմ միայն մեր ազգային եւ ընդհանուր հայկական իրավիճակից տեղեկություններ հաղորդել: Առայժմ վիարվորների մասին տեղեկություններ չկան, և կարծում եմ տուժած հայեր էլ չկան:

Սիրիահայ միացյալ շտապ օգնության մարմինը դեռ բավականաչափ ռեսուրսներ ունի՞ իր գործունեությունը կատարելու համար, չէ՞ որ տնտեսական իրավիճակը ծանր է:

-Միացյալ շտապ օգնության մարմինը իր հնրավորթյունների առավելագույնն է անում: Հայկական կազմակերպությունները, Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը, Սիրիայի Երիտասարդական Միությունը և ներազգային այլ կառույցներ արձագանքելով Արամ Ա. Վեհափառի կոչին՝ օժանդակության տարբեր զանազան միջոցներ ձեռնարկեցին  և աջակցություն ցուցաբերեցին: Մեր տրամադրության տակ է ինչպես Վեհափառ հոր տրամադրած օժանդակության միջոցները, այնպես էլ  նույնպես ՀՕՄ-ի կենտրոնական վարչությանը և մի շարք այլ կառույցների:

-Առաջիկա օրերում Հալեպում իրավիճակը ավելի է սրվելու, և այդ մասին հայտնում է ինչպես  ընդդիմությունը, այնպես էլ կառավարությունը: Ի՞նչ դժվարություններ են սպասում հայ համայնքին այդ դեպքում:

-Եթե կողմերից մեկը սրի իրավիճակը, բնական է՝ մյուս կողմն էլ նույնը պիտի անի: Պարզապես ներկայիս դժվարությունները ավելի կսրվեն:  Մենք պիտի շարունակենք մեր բոլոր բարեսիրական եւ մարդասիրկան աշխատանքները:

-Մեր նախորդ հարցազրույցում ասել էիք, որ հայերին վտանգ չի սպառնում, իսկ ի՞նչ երաշխիքներ կան այդ առումով:

-Հայերին վտանգ չի սպառնում արտահայտությունը բավականին հստակ է այն առումով, որ որևէ մեկի համար թիրախ չենք և մինչև այսօր չենք էլ եղել: Մենք որևէ կողմի հետ խնդիր չունենք, եւ իրենք էլ մեր հետ խնդիր չունեն: Մինչև այսօր մենք չենք լսել ինչ որ արտահայտություն, որ հայերին դեմ է կամ նրանց որպես թիրախ է ընտրում: Սակայն եթե պատահական ռումբի կամ այլ դեպքի պատճառով կարող է և հայ զոհվել, ինչը այս թոհուբոհում դժբախատ և պատահական դեպք է: