Արցախի ԱԺ նախագահը սթափության կոչ է անում

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը նախագահի ընտրությանն ընդառաջ սթափության կոչ է անում՝ հաշվի առնելով «հանրային տրամադրություններում զարգացող որոշակի վտանգավոր միտումները»։ Իշխանյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Վաղը` սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրելու է Հանրապետության նախագահ: Ստեղծված ոչ սովորական իրավիճակում այս քայլին ենք գնում ամեն օր ավելացող մարտահրավերներին արագ արձագանքելու, երկրի ներքին կյանքն արդյունավետորեն կազմակերպելու և արտաքին մարտահրավերներին հավուր պատշաճի դիմագրավելու նպատակով:

Երկրի ղեկավար ընտրելու իրավունքն ու պարտականությունը Սահմանադրությամբ դրված է ձեր կողմից ընտրված խորհրդարանի վրա: Բացառապես Արցախի Ազգային ժողովի խմբակցություններին է վերապահված հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու լիազորությունը, ինչն էլ իրականացվել է սահմանված կարգով: Առ այսօր Հանրապետության նախագահի հրաժարականի և նոր նախագահի ընտրության համար նախապատրաստական բոլոր գործընթացները կազմակերպվել են Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով առկա սուր ճգնաժամային իրավիճակը:

Նկատի ունենալով վերջին օրերին հանրային տրամադրություններում զարգացող որոշակի վտանգավոր միտումները՝ այս պատասխանատու պահին, ինձ վերապահված իրավունքով, սթափության կոչ եմ անում բոլորին ու հորդորում չտրվել ժողովրդին պառակտող սադրանքներին, չենթարկվել նեղ խմբային շահերին և հանուն ընդհանուր շահի մի կողմ թողնել անձնական նախապատվությունները: Ոչ ոք իրավունք չունի մեր հանրությանը, նրա առանձին խմբերի տանել արկածախնդրության մեզ համար ճակատագրական այս ժամանակահատվածում: Ուզում եմ հատուկ ընդգծել և վստահեցնել ձեզ, որ ներքին կայունությունը խաթարող բոլոր գործողությունները կկասեցվեն օրենքի ուժով:

Մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ ի չիք դարձնելու Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները կազմալուծելու Ադրբեջանի ցանկությունը և որևէ գործողությամբ չպետք է նպաստենք ադրբեջանական հանցավոր նպատակների իրագործմանը:

Մենք հանձնառու ենք պաշտպանելու և ամրապնդելու երեք տասնամյակ կերտած պետականության հիմքերը: Դա մեր ժողովրդի ցանկությունն է, կամքը, և մենք պարտավոր ենք առաջնորդվել այդ պատգամներով:

Հաջողություն եմ մաղթում բոլորիս՝ այս հույժ կարևոր քաղաքական գործընթացն իրականացնելու ճանապարհին: Հավատացած եղե´ք՝ միասին անհնարը հնարավոր կդարձնենք»,- ասված է հայտարարությունում։

***

Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Արցախի ազգային անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ սահմանադրական կարգի տապալման փորձերի դեպքում պատրաստ են վճռական գործողությունների։

«Արցախի նախագահի ընտրություններով պայմանավորված ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն: Միաժամանակ տարբեր քաղաքական ուժեր, իրավիճակից օգտվելով, հավաքների և ցույցերի անցկացման կոչեր են անում, այդ կերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է վճռական գործողությունների»,- նշել է ԱԱԾ-ն։

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը «Ազատության» եթերում ասել էր, որ նախագահի ընտրության օրը մտադիր են Ստեփանակերտում ակցիա անցկացնել՝ ընդդիմանալու նախագահի ընտրությանը․ «Պետք է այդ ժողովուրդը պահանջի, որ հանրապետության նախագահ երեք հոգով չեն որոշում, նշանակում: Իմը ենթադրություն չի, Արցախում մի ամբողջ գիշեր իրար հետ՝ Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, միասին անց են կացրել, էդ որոշումը կայացրել»,- ասել է նա:

Արցախի նախագահի ընտրության հարցով Ազգային ժողովի հատուկ նիստը կգումարվի 2023-ի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին։ Առաջադրված միակ թեկնածուն պետնախարար Սամվել Շահրամանյանն է։ Արցախի խորհրդարանի «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Բաբայանին Արցախի նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը վերադարձվել է՝ վերջին տասը տարում Արցախում մշտապես բնակվելու տեղեկանքը չներկայացնելու պատճառով։

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 31-ին հայտարարել էր հրաժարական տալու մասին, սեպտեմբերի 1-ին նա հրաժարականի դիմումը ներկայացրել էր ԱԺ։ Մինչ հրաժարականը Արայիկ Հարությունյանը Գուրգեն Ներսիսյանին ազատել էր Արցախի պետնախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել էր անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին։

Ըստ Արցախի Սահմանադրության, նախագահը խորհրդարանում ընտրվում է պատգամավորների 2/3 ձայներով։ Առաջին փուլով նախագահ չընտրելու դեպքում ամենաշատ ձայնը հավաքած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ. այս դեպքում արդեն ընտրությունն արվում է ձայների պարզ մեծամասնությամբ:

Մեկնաբանել