Սա քաղաքական հետապնդում է` ուղղված ոչ միայն Վ.Օսկանյանի, այլև` ԲՀԿ-ի դեմ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել նախկին արտգործնախարար, ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին անձեռմխելիությունից զրկելու և գործին որպես մեղադրյալ ներգրավելու` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մասին:

« «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից  Ազգային ժողով ներկայացված միջնորդագիրը՝ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին, համարում է քաղաքական հետապնդում, որն ուղղված է ոչ միայն Վարդան Օսկանյանի, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: 

Միջնորդագրում ներկայացված մեղադրանքները անհիմն են և զուրկ որևէ իրավական հիմնավորումից: Երկուշաբթի, այս հարցի քննարկման ընթացքում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր պատգամավորներին կներկայացնի փաստաթղթերի փաթեթ, որոնք կհիմնավորեն  գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների սին լինելը: «Բարգավաճ Հայաստան»-ը իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր համակուսակցին և պատրաստ է հնարավոր բոլոր օրինական միջոցներով հասնել արդարության վերականգմանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հարցերում նման մեթոդների կիրառումը»,- նշված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ: