Պետք է քայլեր ձեռնարկենք, որ առկա ռիսկը ռազմական մեծ գործողությունների չվերածվի․ փոխնախարար

Էսկալացիայի ռիսկն առկա է, բայց պաշտպանության նախարարությունը քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացում թույլ չտալու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում, բնականաբար, քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու և ընդհանուր իրավիճակի վրա որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկն առկա է, սակայն մենք, որպես պետություն պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալցիային, առհասարակ, ռազմական մեծ գործողություններին չհասնի»,- ասաց նա։

Փոխնախարարը նշեց, որ ադրբեջանական կուտակումների մասին հաղորդել է և պաշտպանության նախարարությունը, և պաշտպանության բանակը, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ավելորդ լարումից խուսափելու համար ցանկալի է հետևել պաշտոնական տեղեկատվությանը, մենք ամեն ինչ հրապարակում ենք»։

Դիտարկմանը, որ տեսանյութեր կան, որ հակառակորդը հարձակողական զենքեր է կուտակում սահմանին, Սարգսյանն ասաց. «Ես մասնագիտական առումով չասեմ, այնտեղ պարզ երևում է՝ հրետնային միջոցներ են կարծես թե, մի շարք ռազմական տեխնիկա է: Այդ մասին խոսվել է, և չեմ ցանկանում ևս մեկ անգամ դրա մասին խոսել: Միայն կհորդորեմ մեր տեղեկատվությանը հետևեք, մենք պարբերաբար որոշակի սրումների կամ ընդհուպ փոքր հրաձգային զենքից կրակի դեպքում անմիջապես տեղեկատվություն տրամադրում ենք»։

***

Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական վիճակը էականորեն սրվել է․ «Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»,- ասել է Փաշինյանը։

Սեպտեմբերի 5-ին Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր ադրբեջանական զինուժի տեղաշարժերը և կենտրոնացումը։

Մեկնաբանել