Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը արագորեն վատթարանում է, X-ի (նախկին՝ Թվիթեր) իր էջում գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը։
«Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն, որպեսզի օգնությունը հասնի ԼՂ ժողովրդին»,- գրել է նա։
Սամանթա Փաուերն իր գրառմանը կիցը տարածել է նաև ԱՄՆ պետքարտուղարի սեպտեմբերի 10-ի հայտարարությունը, որով ԱՄՆ-ն կոչ է անում բացել «երկու միջանցքները»։
The humanitarian situation in Nagorno-Karabakh is rapidly deteriorating. It’s essential that the Lachin and Aghdam routes be reopened immediately so lifesaving assistance can reach the people of NK. https://t.co/TXZNjT9l26
— Samantha Power (@PowerUSAID) September 10, 2023
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի արագ վատթարացմամբ։ Մարդասիրական բեռները տեղակայված են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիների մոտակայքում, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները, որպեսզի ապահովվի Լեռնային Ղարաբաղին խիստ անհրաժեշտ մարդասիրական բեռների առաքումը։ Մենք նաև կոչ ենք անում առաջնորդներին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը մեծացնում է լարվածությունը կամ շեղում այդ նպատակից: Վեճերի լուծման համար ուժի կիրառումն անընդունելի է»,- ասված է Բլինքենի հայտարարությունում։
Պետքարտուղարը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ լուծելու առկա խնդիրներն ուղղակի երկխոսության միջոցով․ «Մենք կրկին հայտարարում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: Մենք նաև խրախուսում ենք Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջև երկխոսությունը»,- ասված է հայտարարության մեջ։