Հայաստանի և Արցախի ՊՆ-ները հերքում են Ադրբեջանի հաղորդագրությունները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 11-ին` ժամը 13։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախի պաշտպանության բանակն էլ նշում է, որ Ադրբեջանը հատում է տրամաբանության սահմանները՝ ասելով, թե «շան օգնությամբ ահաբեկչական գործողության փորձ է նախաձեռնել»։

«Ադրբեջանի ՊՆ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները։ Ադրբեջանի ՊՆ հրապարակած հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին ժամը 08։30-ի սահմաններում, շան վզին ամրացրել են ինքնաշեն պայթուցիկ սարք և ստիպել են շանն անցնել ադրբեջանական կողմ և իրականացնել «ահաբեկչական» գործողություն, ամբողջությամբ հորինված է և կեղծիք»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել