Ադրբեջանում փորվող գերեզմանների մասին լուրը կեղծ է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ սեպտեմբերի 8-ին, հղում անելով ադրբեջանցի լրագրող Մանաֆ Ջալիլզադեին, տեղեկություն են տարածել, թե Ադրբեջանում նոր գերեզմաններ են փորվել՝ սպասվող նոր պատերազմին ընդառաջ։

Հրապարակումներում որպես ապացույց լուսանկարներ են տեղադրվել՝ ուղեկցող գրառումներով, թե հարյուրավոր գերեզմանները փորվել են «18-23 տարեկան ադրբեջանցի երիտասարդների համար» և «պատրաստվում են բռնապետ Ալիևի հերթական ցեղասպանությանը»։

Տեղեկությունը տարածել են araratnews.am, medianews.site, politik.am, 24news.am լրատվական կայքերը, մի շարք տելեգրամյան ալիքներ, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com-ը։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը ստուգել է այս տեղեկությունը և հրապարակված լուսանկարների իսկությունը։

Լուսանկարները հին են

Տարածված հրապարակումներում երկու լուսանկարներն էլ հին են և նախկինում արդեն իսկ հրապարակաված են եղել նույն Ջալիլզադեի կողմից։

Այսպես, հրապարակմանը կից առաջին լուսանկարը, որում իրոք երևում են գերեզմանափոսեր, վերցված է դեռ 2022-ի հոկտեմբերին 1-ին Ջալիլզադեի էջում տեղադրված տեսանյութից։ Տեսանյութի սկզբնաղբյուրը TikTok-ում @qaziroff օգտահաշիվն է, որում տեսանյութը արդեն հեռացված է և այդ պատճառով դժվար է հստակ ասել տեսանկարահանման ամսաթիվը։

Հրապարակումներում կիրառվող երկրորդ լուսանկարը Ջալիլզադեն նախկինում հրապարակել էր իր հեղինակած «Diktator TV» թվիթերյան էջում 2023-ի ապրիլի 4-ին և այնուհետև ապրիլի 8-ին անձնական էջում։ Ուշագրավ է, որ նախորդ հրապարակման ժամանակ Ջալիլզադեն պնդում էր, որ գերեզմանափոսերը փորվել են ադրբեջանական երիտասարդների համար՝ «Իրանի հետ պատերազմից առաջ»։

Ավելին, գերեզմանատեղերը փորված և պատրաստ են եղել մինչև 2020 թվականը, ինչը հաստատվում է ինչպես արբանյակային լուսանկարներով, այնպես էլ, օրինակ, 2019-ի օգոստոսի 5-ին հրապարակված մի տեսանյութով, որը նկարահանված է նույն վայրից։

Որտեղ և երբ են նկարահանվել տեսանյութերը

Լուսանկարներն ու տեսանյութերն արված են Բաքվում գտնվող «Երկրորդ պատվո պուրակում», որի մեծ մասը մինչ օրս դատարկ է և միայն մի հատվածն է զբաղեցվել 2020-ի 44-օրյա պատերազմից հետո։ Տարածվող հրապարակումներում օգտագործվող երկրորդ լուսանկարը արվել է 2021-ի հունիսից հետո պուրակի անկյունային հատվածից։

Լուսանկարի վայրը՝ 40.36038, 49.80881
Արբանյակային լուսանկարների ժամանակագրությունը փաստում է, որ պուրակը սկսել է կառուցվել 2018-ի օգոստոսին և 2020-ի պատերազմի օրերին արդեն պատրաստ է եղել։

Ո՞վ է սկզբնաղբյուրը

Տեղեկության սկզբնաղբյուրը ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Մանաֆ Ջալիլզադեի սեպտեմբերի 7-ի թվիթերյան գրառումն է։ Վերջինս երկար ժամանակ բնակվում է Եվրոպայում և հայտնի է ադրբեջանական իշխանությունների հասցեին սուր քննադատություններով:

Սակայն ընդդիմադիր բլոգերը հաճախ հանդես է գալիս կեղծ և շատ անգամ անհիմն պնդումներով։ Այսպես, վերջերս Ջալիզալդեն գրել էր, թե Ալիևի ռեժիմը սպանում է ադրբեջանցի զինվորների և իբրև վաճառում է նրանց ներքին օրգանները՝ չներկայացնելով որևէ ապացույց։

Այսպիսով, ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի հայտնած և հայաստանյան լրատվական կայքերի տարածած տեղեկությունը, թե Ադրբեջանում նոր գերեզմաններ են փորվել՝ «սպասվող պատերազմին ընդառաջ», անհիմն են։ Որպես «ապացույց» հրապարակմանը կցված լուսանկարները հին են և դրացնում պատկերված գերեզմանափոսերը բացվել են 2018-2020թթ ընթացքում։

Մեկնաբանել