Ռուսաստանի ուղարկած հումանիտար բեռը Աղդամով հասել է Ստեփանակերտ

Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Աղդամ-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի կառավարությունը հանդես է եկել Արցախին հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախ՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ: Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում»,- ասված է հայտարարությունում։

Տեղեկատվական շտաբը նաև հրապարակել է հումանիտար օգնությամբ բեռնված մեքենայում ներառված ապրանքատեսակների ցանկը․

1. 1000 հատ մթերային հավաքածու

Մեկ Հավաքածուն ներառում է՝

– արևածաղկի ձեթ 0,9 լ – 1 հատ

– շաքարավազ 1 կգ – 1 հատ

– ալյուր 2 կգ – 1 հատ

– մակարոն 500 գր – 3 հատ

– հնդկաձավար 1 կգ – 1 հատ

– կորեկ 1 կգ – 1 հատ

– սպիտակաձավար 1 կգ – 1 հատ

– վարսակի փաթիլներ 0,5 կգ – 1 հատ

– շոգեխաշած միս (тушенка) 0,5 կգ – 5 հատ

Մեկ հավաքածուի ընդհանուր քաշը 11,4 կգ է

2. 270 հավաքածու անկողնային պարագաներ

Մեկ Հավաքածուն ներառում է՝

– անկողնային հավաքածու – 1 հատ

– բարձ – 1 հատ

– վերմակ – 1 հատ

3. 200 հավաքածու hիգիենայի պարագաներ

Մեկ հավաքածուն ներառում է՝

– ատամի խոզանակ – 3 հատ

– օճառ – 10 հատ

– ջերմաչափ – 1 հատ

4. 192 հավաքածու մանկական սնունդ և պարագաներ

Մեկ հավաքածուն ներառում է՝

– մանկական կիսել – 1 հատ

– վիտամինային պաստեղ – 3 հատ

– ատամի խոզանակ – 1 հատ

– մանկական խյուս – 8 հատ

– մանկական ձկան յուղ (պատիճներով) – 1 հատ

– ցանափոշի (присыпка) – 1 հատ

***

Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու մասին հայտարարվել էր սեպտեմբերի 9-ին։ Արցախի իշխանությունները որոշել էին թույլ տալ Աղդամով ռուսական բեռների մուտքը։ Միևնույն ժամանակ, ըստ արցախյան կողմի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լաչինի միջանցքով վերականգնել հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, սակայն, նշել է, որ սա առանձին պայմանավորվածություն է, և պետք չէ շփոթել ԿԽՄԿ-ի առաքման համար Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա բացման առաջարկի հետ:

Ավելի վաղ արցախցիները չէին թույլատրել, որ Աղդամով ադրբեջանական Կարմիր մահիկի 40 տոննա ալյուրը մտնի Արցախ։

2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։

Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։

Մեկնաբանել