Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է, որակը` բարելավվել. Դ.Մեդվեդև

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Յալթայում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ. այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության կառավարության պաշտոնական կայքից:

Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է, և երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների առնչությամբ իր գոհունակությունն է հայտնել: «Մենք մշտական բոլոր մակարդակներում կապի մեջ ենք մնում, այս իմաստով մեզ մոտ ամեն ինչ լավ է, և արդյունքներն էլ վատ չեն: Հիմնական ցուցանիշն ապրանքաշրջանառությունն է, թեպետ մենք հասկանում ենք, որ կարևոր է նաև այդ շրջանառության որակը, սակայն այն անկում չի ապրում, այլ աճում է»,- հայտարարել է ՌԴ վարչապետը: Ըստ նրա` «ներդրումային պահուստային ռեսուրսներ ևս առկա են»:

Իր հերթին, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը: «Հարաբերությունների դինամիկան մեզ ևս գոհացնում է, սակայն մենք տեսնում ենք, որ կա ավելի մեծ ներուժ, որը մենք անպայման պիտի օգտագործենք»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք, որ այսօր Յալթայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը:

Մեկնաբանել