Երևանում հաշվառումների հարցում անոմալիաներ կան. «Ականատես»

Անձնագրային բաժանմունքներում աննախադեպ հերթերը չեն դադարում Լուսանկարը՝ արխիվային․ անձնագրային բաժանմունքներում աննախադեպ հերթերը՝ 2022-ի ամռանը

«Ականատես» դիտորդական առաքելությունը հարցումներ է կատարել Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ խնդրելով տրամադրել տվյալներ 2022-ից մինչև 2023-ի մարտի 18-ը ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից Երևանի վարչական շրջաններում հաշվառում ստացած քաղաքացիների մասին՝ ըստ եռամսյակների։ Դիտորդական առաքելությունը սա իրականացրել է՝ հասկանալու համար, թե Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ինչ տենդենցներ են առկա։

Ներքին գործերի նախարարությունը, ըստ «Ականատես»-ի, որոշ պատասխաններ է տվել, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Այսպես՝

Դավթաշեն վարչական շրջանում 2022-ին Արցախից ու Հայաստանի մյուս մարզերից գրանցվել են 947 քաղաքացի։ Նրանց առյուծի բաժինը՝ 666-ը, եղել են Սյունիքի մարզից։ Առավել ուշագրավ է, որ գրանցվածների մեծ մասը՝ 640-ը այդ գործընթացը կազմակերպել է 2022-ի երրորդ եռամսյակում։ Այս աճից հետո գրանցումները Դավթաշեն վարչական շրջանում վերադարձել են բնական վիճակին՝ այս տարվա մինչև մարտի 18-ը հաշվառվել է ընդամենը 47 քաղաքացի։

2022-ին Ավանում ՀՀ մարզերից և Արցախից հաշվառվել է 891 քաղաքացի, որից 698-ը հաշվառվել է Արարատի մարզից։ Ավանում հաշվառված մարդկանց մեծամասնությունը ևս դա կազմակերպել է 2022-ի երրորդ եռամսյակում։ Այս տարվա մինչև մարտի 18-ը Ավանում հաշվառվել են ընդամենը 51 քաղաքացիներ՝ Արցախից ու Հայաստանի մյուս մարզերից։

Նորք-Մարաշ վարչական շրջանում 2022-ին հաշվառվել են մոտ 1700 քաղաքացի․ «1405-ը հաշվառվել են չորրորդ եռամսյակում, 244-ը՝ երրորդ եռամսյակում»,- հայտնել են դիտորդական առաքելությունից՝ ուշադրութուն հրավիրելով փաստի վրա, որ երրորդ եռամսյակում հաշվառված 244 քաղաքացիներից մոտ 240-ը եղել են Կոտայքի մարզից։

Մեկնաբանել