Ո՞վ է մերժել կարգավորման ռուսական տարբերակները. Պուտինը հակասում է Լավրովին

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ, անրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, պնդել է, թե Հայաստանն է մերժել նախկինում իրենց ներկայացրած կարգավորման տարբերակները։

«Մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները։ Թաքցնելու բան չկա, կարծում եմ` դա լավ հայտնի է։ […] Մենք առաջարկել ենք համաձայնության գալ Ադրբեջանի հետ, որպեսզի երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, մնան փաստացի Հայաստանի իրավազորության ներքո և ամբողջ Ղարաբաղը, սակայն Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց դրան։ Թեև մենք տասնամյակներ շարունակ, 10-15 տարի փորձում էինք համոզել Հայաստանի ղեկավարությանը։ Զանազան տարբերակներ, բայց, ի վերջո, ամեն ինչ հանգում էր դրան: Մեր հարցին, թե ինչ եք անելու, պատասխանում էին՝ «Կռվելու ենք»։ Լավ»,- հայտարարեց Պուտինը։

Սակայն Ռուսաստանի նախագահի այս պնդումները հակասում են նախկինում տեղի ունեցած գործընթացներին։ Եվ ինչպես նախկինում ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն են հայտնել՝ հենց Ադրբեջանն է մերժել Ռուսաստանի առաջարկած կարգավորման տարբերակները։

Կազանյան փաստաթուղթը

2011 թվականին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կազանում առաջարկել էր ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ փաստաթուղթ, որը բանակցվել էր շուրջ երեք տարի։ Դրանով նախատեսվում էր 5+2 ձևաչափով շրջանների հանձնում Ադրբեջանին։

Այսպես, համաձայն փաստաթղթի՝ առաջին փուլում վերադարձվելու էին «Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի և Կուբաթլուի» շրջանները: Լեռնային Ղարաբաղին նախատեսվում էր տալ միջանկյալ կարգավիճակ, որը նրա բնակիչներին տալու էր որոշակի իրավունքներ և արտոնություններ: Հետագայում Ադրբեջանին պետք է վերադարձվեր նաև Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները:

Փաստաթղթով՝ Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշվում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով: Քվեարկության ժամկետներն ու մանրամասները կողմերը համաձայնեցնելու էին ապագա բանակցություններում:

Այս փաստաթուղթը, սակայն, ի վերջո չի ստորագրվել։ Եվ այն մերժել էր ոչ թե հայկական, այլ ադրբեջանական կողմը։

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ամերիկյան Bloomberg-ին տված հարցազրույցում հաստատել էր, որ պատրաստ էր տարածքների վերադարձին։ Նա խոստովանել էր, որ Կազանի փաստաթղթի քննարկման ժամանակ ինքը կողմ է եղել հինգ շրջաններից հայկական ուժերի դուրսբերմանն ու խաղաղապահների տեղակայմանը:

Եվս մեկ ապացույց է Սարգսյանի՝ «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին 2016-ի նոյեմբերին տված հարցազրույցը, որում ևս Սարգսյանն ընդունել էր, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ էին Ադրբեջանին զիջել 7 շրջանները՝ Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեի դիմաց։ Նա նշել էր, որ հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Կազանում կարգավորման փաստաթութղը ստորագրելու նպատակով, սակայն վերջին պահին Ալիևը հրաժարվել էր։

Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները՝ Կազանում, 2011թ.

«Փաստաթղթերը պատրաստ էին։ Ռուսաստանի նախագահը, բացելով այս հանդիպումը, նշել էր՝ շատ լավ է, որ մենք եկել ենք խաղաղ կարգավորման։ Ելույթ ունեցավ ՌԴ արտգործնախարար Լավրովը։ Հետո ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահը։ Նա ասաց, որ իրենք, իհարկե, խաղաղ կարգավորում են ուզում, բայց դեռ հարցեր ունեն և թվարկեց ութ-ինը կետ։ Հասկանալի է, թե դրանից հետո ինչ վիճակ էր»,- պատմել էր Սարգսյանը (13:30-ից):

Լավրովը ևս հաստատել է

Այն, որ Կազանյան փաստաթուղթը չէր մերժել հայկական կողմը, հաստատել էր նաև Ռուսատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2016-ի ապրիլի 22-ին Հայաստանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանն է մերժել Կազանյան փաստաթղթի ստորագրումը։

«Իմ պատասխանը ձեր հարցին շատ պարզ է։ Որպես այս իրադարձությունների անմիջական մասնակից՝ կարող եմ ասել, որ Հայաստանը Կազանյան փաստաթուղթը չի մերժել»,- ասել էր Լավրովը։

Այպիսով, Վլադիմիր Պուտինի պնդումը, թե Հայաստանն է մերժել իրենց ներկայացրած կարգավորման տարբերակները, չի համապատասխանում իրականությանը։

Մեկնաբանել