Շախտոյրը կամային հաղթանակ տարավ. Մխիթարյանը 13-րդ գոլը խփեց (տեսանյութ)

Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրի կենտրոնական խաղում Դոնեցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ երրորդ տեղում ընթացող «Դնեպրի» նկատմամբ և վաստակած 30 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հանդիպման 9-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ռոտանը, իսկ 10 րոպե անց հաշիվը հավասարեցրեց Հայաստանի հավաքականի և «հանքափորների» առաջատար, Ուկրաինայի ընթացիկ առաջնության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, ով իր 13-րդ գոլը խփեց:

Այդուհետ 2 թիմերն էլ մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցին միմյանց դարպասների մոտ, սակայն «Շախտյորի» պահերը շատ ավելի վտանգավոր էին, միայն նշենք, որ Միրչա Լուչեսկուի սաները երկու 11 մետրանոցի իրավունք ստացան և որքան էլ տարօրինակ է երկու դեպքում էլ չկարողացան գոլի հեղինակ դառնալ: Մի դեպքում Ֆերնանդինյոն հարվածեց դարպասաձողին, մյուս դեպքում` Ադրիանոն: Սակայն էլ ավելի տարօրինակ է, որ 2 դեպքում էլ թիմակիցները Հենրիխ Մխիթարյանին թույլ չտվեցին բարելավել ռմբարկուական ցուցանիշները:

Միայն 80-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Դարիո Սրանան գեղեցիկ հարվածով կարողացավ առաջ մղել «Շախտյորին»: «Շախտյոր» – «Դնեպր»` 2:1, Միրչա Լուչեսկուի սաները շարունակում են առաջ ընթանալ առանց միավորների կորստի:

http://youtu.be/J5gIvhVNpl4