Դատախազության միջնորդագիրը մեզ խայտառակում է. Զ.Փոստանջյան

«Միջնորդագրի մեջ մենք չենք տեսնում, որ պարոն Օսկանյանը կապ ունի նշված որակման հետ, այդ հանցագործության հատկանիշները իր արարքի մեջ չկան»,- այս մասին այսօր «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» ծրագրում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորին դա չի զարմացնում, քանի որ առկա համակարգում, ըստ նրա, կարևոր են ոչ թե իրավական հիմքերը, այլ` իշխանավորների շահերը: «Հաշվի առնելով այն համակարգը, որ այսօր գործում է Հայաստանում, մենք դատախազության կողմից նման ապօրինի գործողություն սպասում էինք»,- նշեց նա:

Այս համակարգի հիմքերը, ըստ Փոստանջյանի, դրվել են 1995թ, երբ ամեն ինչ կենտրոնացվել է գործադիր իշխանության ձեռքում, երբ ընդունվել է մի Սահմանադրություն, որով ամրագրվել է, որ արդարադատության խորհրդի նախագահը ՀՀ նախագահն է, իսկ նրա տեղակալները` արդարադատության նախարարն ու գլխավոր դատախազը: Փոստանջյանը հիշեցրեց. «Գլխավոր դատախազը 2008թ մարտի մեկի իրադարձություններից հետո նմանատիպ միջնորդություն ներկայացրեց Ազգային Ժողով և մեր չորս գործընկերներին միանգամից զրկեցին անձեռնմխելիությունից»:

«Մենք ստեղծել ենք մի համակարգ, որը պարբերաբար դիմելու է այդ գործիքին: Իսկ այդ գործիքին դիմելու են այն բոլոր դեպքերում, երբ տեսնեն, որ այլախոհություն կա, այլ կարծիք են արտահայտում: Եվ այդ գործիքը, որ այսօր կիրառվում է Վարդան Օսկանյանի դեմ, վաղը կարող է կիրառվել նույն Աղվան Հովսեփյանի կամ Գորիկ Գուրգենիչի դեմ»,- ասաց նա:

Փոստանջյանը նշեց, որ ծանոթ է Վ.Օսկանյանին անձեռնխելիությունից զրկելու` դատախազության միջնորդագրին: «Ես միանգամայն վստահ եմ, որ այստեղ որևիցե կերպ չի արտացոլված, որ հիմնավոր է այն կասկածը, որ պարոն Օսկանյանը իրապես թույլ է տվել ենթադրյալ քրեորեն հետապնդելի արարք: Այս միջնորդագրի մեջ այդ հիմնավոր կասկածը գոյություն չունի: Մինչդեռ պիտի լիներ պարոն Օսկանյանի այն գործողությունը, որը ենթադրում է որ նա խախտել է քրեական օրենգրքի 179 և 190 հոդվածները»,- նշեց Փոստանջյանը` հավելելով, որ ԱԺ-ում կան ավելի «պայծառ» դեմքեր, որոնց նկատմամբ նման միջնորդագրեր պիտի որ լինեին:

«Ժառանգությունն այն կարծիքին է, որ բոլորը պիտի լինեն հավասար և կարիք չկար, որ մեզ [պատգամավորներին] տրվեր նաև անձեռնխելիություն, բայց եթե մենք դա ունենք, ապա այս միջնորդագրերը, որ պիտի ներկայացվեն Ազգային ժողով, չպետք է լինեն այս տեսքով, այսինքն` անհիմն»,- ասաց նա:

Փոստանջյանի դիտարկմամբ` սա թիրախ ընտրված գործընթաց է, և իրականացվելու է բոլոր նրանց նկատմամբ, ումից` որպես այլախոհություն, վտանգ ակնկալեն. «Հիմա գուցե այդ վտանգն զգում են Օսկանյանից»:

Իրականում, նրա խոսքով, արդեն անշրջանցելի է դատական ոլորտի համակարգային սխալ կառուցվածքը: «Եթե համատարած, հարյուրավոր փաստաբաններ դատադուլ են հայտարարում, որ դատական համակարգը չի գործում, այսպիսի [անհիմն միջնորդագրերի] օրինակներ անթիվ կարող ենք ակնկալել: Նույն դատախազը, լսելով Վերահսկիչ պալատի զեկույցը ահավոր չարաշահումների նկատմամբ, ինչո՞ւ նույն ջանասիրությամբ չի գնում դրանք բացահայտելու ուղղությամբ: Նույն Ազգային անվտանգության ծառայության մասին. ես ստանում եմ անթիվ բողոքներ քաղաքացիներից, որ համատարած խախտվում են իրենց իրավունքները»:

Այս պահին Վարդան Օսկանյանի գործով հարկ է սպասել պատգամավորների քվեարկությանը: «Երկուշաբթի կներկայացվի միջնորդությունը, կավարտվեն քննարկումները, հետո կսկվի գաղտնի քվեարկությունը,- նշեց Փոսնաջյանը,- եթե զրկվի անձեռնխելիությունից, ես հույս ունեմ այնքան հիմար չի գտնվի [դատախազությունը], որ որպես խափանման միջոց կալանքն ընտրի: Ես ենթադրում եմ, որ այս միջնորդագիրն արդեն իսկ թարգմանված է և տարածված միջազգային կառույցներում, և որևէ առնչություն այս անձի հետ չունենալով` արդեն իսկ մեզ խայտառակում է»:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց նաև, որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ մեր հարևանների հետ, որոնց պիտի միջազգային ատյաններում հետամուտ լինենք: «Ես շատ եմ ցավում, որ այս հիմար գործընթացը, որ պիտի սկսվի, բոլորիս նորից շեղելու է, և մենք մեր այդ [միջազգային կառույցների հետ] գործերը թողնելու ենք, և սկսվելու է ամբողջ ճնշումը և բոլոր միջոցառումների ցանկը ուղղվելու է նրան, որ Հայաստանի հանրապետությունում նորից սկսվել են քաղաքական հետապնդումներ:

Հույս ունենանք, որ Ազգային ժողովը սթափ կգտնվի, և կհասկանա, որ վնասում է նաև Հայաստանի հանրապետությանը, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, և այսպիսի սխալ որոշում ևս մեկ անգամ չի կայացնի, որովհետև անընդմեջ այս տարիների ընթացքում մենք դեռ չենք դուրս եկել մարտիմեկյան գործընթացից, ու հիմա նորից պիտի սկսվի մի նոր գործընթաց նախագահական ընտրությունների հետ կապված. և պետք է հասկանալ, որ հետո մեզ շատ դժվար է լինելու հաղթահարել դրա հետևանքները: Ես հույս ունեմ, որ ամեն մեկը սթափ կլինի և դեմ կքվեարկի»,- եզրափակեց Փոստանջյանը:

Մեկնաբանել