Հայաստանի կենտրոնական բանկը վերանայել է 2023-ին սպասվող տնտեսական աճի կանխատեսումը` նախորդ 6,9% ցուցանիշը ճշգրտելով դեպի վեր` 7,2%․ այս մասին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 12-ին ԿԲ-ում կայացած ասուլիսին:
«Մենք շատ փոքր չափով վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը: Նախկինում կանխատեսվող 6,9%-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7,2%` հիմնականում պայմանավորված, ինչպես նախկինում, ծառայությունների և շինարարության ոլորտների բարձր աճի տեմպերով»,- ասաց Գալստյանը:
Թեպետ ԿԲ-ն սպասում է կառավարության կանխատեսած 9% ցուցանիշից շուրջ 2% նվազ տնտեսական աճ, Մարտին Գալստյանը վստահ է, որ դա «չափազանց լավ տնտեսական աճ է»: «7% տնտեսական աճը բարձր ցուցանիշ է… իսկ նախորդ տարվա երկնիշ աճը պայմանավորված էր պահանջարկով և բնորոշ էր կարճաժամկետ հատվածին»,- նկատեց ԿԲ նախագահը:
Նա կարևորեց, որ աճին զուգահեռ տնտեսությունում ստեղծվեն արտադրողականության նոր շերտեր, որը «մեզ բերելու է պոտենցիալ աճի փոփոխությանը, պոտենցիալ տնտեսական աճ ստեղծելու ունակությանը»:
ՍիվիլՆեթի հարցին, թե ինչու է տնտեսական աճն անվանում «չափազանց լավը» այն պարագայում, երբ այդ աճը սնվում է շինարարությունից և ծառայություններից, իսկ արդյունաբերությունը կրճատվել է, ԿԲ նախագահը նշեց երկու ոլորտ, որտեղ ակնառու են դրական տեղաշարժերը՝ ծառայությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:
«Մենք ծառայություններին միշտ նայում էինք ոչ արտահանելի տեսանկյունից, քանի որ հայկական Ho.Re.Ca. [հյուրանոցներ, ռեստորաններ և սրճարաններ – խմբ․] համակարգը կամ ֆինանսական սեկտորը հիմնականում սպասարկում էին ներքին տնտեսությունը: Այժմ որոշակի թեքվածություն կա, որը սպասարկում է նաև արտաքին պահանջարկը:
Ունենք որոշակի դրական զարգացումներ նաև ՏՏ ոլորտում: Ունենք որակյալ կադրերի մուտք, հենց այդ ոլորտի մասնագետների հետ խոսելիս էլ մատնանշվում է, թե ինչպես է փոխվում աշխատանքային միջավայրը, մշակույթը, արդյունավետությունն ու արտադրողականությունը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է շինարարության ոլորտին, որտեղ պահպանվում է բարձր ակտիվություն, Գալստյանը կարևորեց անցումը քանակականից որակական աճին: «Կառավարությունում էլ բազմիցս նշվում է այդ մասին, որ այստեղ քանակն ու ծավալը պետք է փոխակերպել որակի, ներդրվեն միաջզգային չափանիշներ, էկոլոգիապես մաքուր շինարարություն: Այդ պահանջների խստացման փուլում կարող է՝ լինեն, որը վատ բան չէ»,- եզրափակեց Գալստյանը: