Է.Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Թ.Յագլանդին ու Ս.Լավրովին

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին շարունակել է հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ. այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Էդվարդ Նալբանդյանի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպման ժամանակ քննարկվել են հաջորդ տարի ԵԽ-ում Հայաստանի նախագահության նախապատրաստական աշխատանքներն ու ՀՀ նախագահության առաջնահերթությունների մշակման գործընթացը, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր, Հայաստան – Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի իրականացումը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարդասպան Սաֆարովին ազատ արձակելուն և հերոսացնելուն՝ ԵԽ գլխավոր քարտուղարը այն անընդունելի է որակել: Այս առումով նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի և կազմակերպության տարբեր կառույցների միանշանակ և միահամուռ դատապարտող արձագանքը:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկվել են հայ-ռուսաստանյան հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր՝ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ռազմավարական փոխգործակցության ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը և դիրքորոշումների համադրումը:

Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը մտքեր են փոխանակել մարդասպան Սաֆարովի ազատ արձակման հետևանքով ստեղծված իրավիճակի հաղթահարման, բանակցությունների ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման շուրջ:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանն արծարծվել են նաև միջազգային օրակարգի մի շարք խնդիրներ:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի և Հայաստանի արտգործնախարարի հանդիպման հիմնական հարցերն էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և Դուբլինում կայանալիք՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նախապատրաստական աշխատանքները:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայցուցչությունում Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը` կառույցի նախագահ դեսպան Աարոն Յակոբի գլխավորությամբ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարաշրջանային զարգացումների, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:

Հայաստանի ԱԳ նախարարի և Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի զրույցի ժամանակ անդրադարձ է արվել ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը, տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակություն է հայտնվել հայ-հունական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ:

Նախարարները քննարկել են անցյալ տարի ՀՀ Նախագահի՝ Հունաստան կատարած պետական այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը և այդ շրջանակներում ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացին: Հունաստանի արտգործնախարարը ներկայացրել է տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Հայաստանի արտգործնախարարի և Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային և միջազգային զարգացումներին: