2013թ. արտաքին պարտքի սպասարկումը կթանկանա 1,7 անգամ

Կառավարության 2009թ. հակաճգնաժամային քաղաքականությունը ծանր է նստում հարկատուների վրա։ Անցած և այս տարի պետական պարտքի սպասարկմանն ուղղվել է պետբյուջեի ծախսերի համապատասխանաբար 4,2% և 4,5%-ը։ 2013-ին կառավարությունը նույն նպատակին ծրագրում է ուղղել պետբյուջեի ծախսերի 4,6%-ը։ Սպասարկմանն ուղղվող գումարների 0,1 տոկոսային կետով ավելացումն առաջին հայացքից կարող է մեծ չթվալ, սակայն բացարձակ թվերով 2013թ. միայն արտաքին պարտքի սպասարկմանը ուղղվող միջոցների ծավալն ավելանալու է 1,7 անգամ։

Ըստ 2013թ. բյուջեի նախագծի՝ գալիք տարի արտաքին պարտքի սպասարկման համար նախատեսվում է ուղղել $418,6 մլն, որից $354,2 մլն-ը՝ հիմնական գումարի մարմանը։ Ճգնաժամից հետո սա արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվող ամենամեծ ծավալն է։ Այսպես, 2010թ. արտաքին պետական պարտքի սպասարկմանն ուղղվել է $94 մլն, 2011-ին՝ $118 մլն, այս տարի ընդհանուր առմամբ ուղղվելու է $245 մլն։

Ինչպես և նախորդ տարիներին, 2013թ. ևս կառավարությունն արտաքին պարտքի սպասարկումն իրականացնելու է նոր վարկային միջոցներ ներգրավվելու ճանապարհով։ 2013թ. ընթացքում ծրագրվում է ստանալ $479 մլն-ի վարկային միջոցներ։ Այս տարի նախատեսված է ներգրավել ընդհանուր առմամբ $509 մլն։

Ճգնաժամից հետո կառավարությունն պարտքերը կարողացել է մարել միայն նոր պարտքի ներգրավման ճանապարհով։ Ընդ որում՝ ներգրավվող միջոցների ծավալն եղել է ավելի մեծ՝ արդյունքում ավելացնելով պետպարտքը։ Այսպես, եթե 2010թ. վերջին արտաքին պարտքի ծավալը կազմում էր $3,3 մլրդ, անցած տարի արդեն այն հասել էր $3,57 մլրդ-ի։ Ցուցանիշն այս տարվա վերջին և գալիք տարի ծրագրված է համապատասխամաբար $3,86 մլրդ և $4 մլրդ մակարդակում։ Իհարկե, ըստ կառավարության ծրագրածի՝ այս տարի արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 37,2%, գալիք տարի՝ 37%։ Սակայն պետք է հաշվի առնել, որ ցուցանիշը 2011-ին 35,2%-ի մակարդակում էր: Բացի այդ՝ այս ցուցանիշները բավական զգայուն են, մասնավորապես ՀՆԱ-ի աճի, և ազգային արժույթի փոխարժեքի նկատմամբ։

Հայաստանի արտաքին պարտքը բավական խոցելի է, եթե հաշվի առնենք, որ այն սպասարկվում է նոր վարկային միջոցների հաշվին։ Կառավարությունը ֆինանսական բուրգ է ստեղծել ոչ միայն ներքին պարտքի սպասարկման, այլև արտաքին պարտքի բնագավառում։ Պարզ ասած՝ եթե կառավարությանն այս և գալիք տարի չհաջողվի ներգրավել նախատեսված ծավալները, կա՛մ դեֆոլտ է հայտարարելու, կամ էլ գործադիրը դիմելու ծախսերի կրճատման։

Իրավիճակը բավական զգայուն է ոչ միայն արտաքին, այլև ներքին պարտքի մասով։ Խնդիրն այն է, որ 2012թ. ընթացքում պետք է իրականացվի 78,6 մլրդ դրամի պարտատոմսերի մարում և մոտ 24 մլրդ դրամի սպասարկման ծախս, այն դեպքում, երբ պարտատոմսերի տեղաբաշխումից դեֆիցիտի ֆինանսավորմանը պետք է ուղղվի ընդամենը 30,2 մլրդ դրամ։ Նախատեսված է, որ 2012թ. վերջին ներքին պետական պարտքի ծավալն անվանական արժեքով կկազմի մոտ 252,3 մլրդ դրամ (2011թ. վերջին կազմում էր 216,2 մլրդ), որից շրջանառելի պարտատոմսերի ծավալը՝ 247,4 մլրդ դրամ (2012թ. վերջին՝ 210 մլրդ դրամ)։

2013թ. պետբյուջեի նախագծում նախատեսվել է շուրջ 29,7 մլրդ դրամ սպասարկման ծախս, և պարտատոմսերի տեղաբաշխման ճանապարհով՝ 30,2 մլրդ դրամ դեֆիցիտի ֆինանսավորում, իսկ թե որքան գումար կպահանջվի նախորդ տարիների թողարկումների մարումների համար՝ կառավարությունը բյուջեի նախագծի ուղերձում չի նշել։ 2013թ. վերջին ներքին պետական պարտքի ծավալն անվանական արժեքով կկազմի մոտ 284,8 մլրդ դրամ։

Մեկնաբանել