Սպառողների համար գազի գինը կարող է վերանայվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը այսօր Ազգային Ժողովում հայտարարել է, որ հնարավոր է՝ վերջնական սպառողների համար գազի սակագնի վերանայման կարիք լինի:

«Ես դժվարանում եմ հիմա որևէ բան ասել , քանի որ մի շարք հարցեր դեռևս պարզ չեն»,-ասել է նա՝ նշելով, որ պարզ չէ Հայաստան առաքվող ռուսական գազի գինը սահմանին, քանի որ բանակցությունները դեռ շարունակվում են: «Վերանայման կարիք կլինի: Սպասենք, թե լիցենզավորված ընկերությունը ինչ հայտ կներկայացնի»,- ասել է նա:

ՍիվիլՆեթի վերլուծությունները ցույց են տվել, որ Հայաստան առաքվող ռուսական գազի գինը արդեն բարձրացել է այս տարվա առաջին կիսամյակում, ինչի մասին վկայում են Պետական եկամուտների կոմիտեի տվյալները։ Այսպես, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան առաքված ռուսական գազի մաքսային արժեքը կազմել է $219/1000 խմ, այնինչ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շարունակում է պնդել, որ գազի գինը մնացել է անփոփոխ և կազմում է $180։ Ըստ ՍիվիլՆեթի աղբյուրների՝ կառավարությունը գաղտնի է պահում գազի թանկացման փաստը, քանի որ նախատեսում է ռուսական գազի գնի փոփոխությունը սուբսիդավորել «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդում» իր 20% մասնաբաժնի մի մասի փոխանցման ճանապարհով։ Այդ եղանակով կառավարությունը ցանկանում է մինչև նախագահական ընտրությունները՝ 2013թ. փետրվարը, չթույլատրել վերջնական սպառողների համար սակագների փոփոխություն։ Հաշվի առնելով նախորդ տարվա ծավալները և այս տարվա առաջին կիսամյակի միտումները՝ մոտավոր հաշվարկներով՝ մինչև 2013թ. ապրիլի 1-ը փոխհատուցման համար կառավարությանն անհրաժեշտ է լինելու ընդհանուր առմամբ $90 մլն, որից այս տարվա համար՝ $54 մլն: Հաշվարկներից երևում է, որ կառավարությունն ամբողջովին կարող է փոխհատուցել այդ գումարները՝ «Գազպրոմին» հանձնելով «ՀայՌուսգազարդի» իր մասնաբաժնի մոտ 12%-ը, ինչի արդյունքում նրա մասնաբաժինը կնվազի մինչև 8%:

Արմենակ Չատինյան

Մեկնաբանել