Փաշինյանը մեկնաբանել է քառակողմ հանդիպման վերաբերյալ Էրդողանի առաջարկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված տարբեր ձևաչափի հանդիպումներից առանձնացնել կոնկրետ մեկը։ «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետը` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որով նա առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով։

«Ամենատարբեր առաջարկներ և գաղափարներ կան, ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը։ Խնդիրն այն է, որ դա միակ գաղափարը չէ, որպեսզի ես վերաբերմունք արտահայտեմ։ Մենք, կարծում եմ, պետք է ամբողջության մեջ նայենք»,– նշել է Փաշինյանը` մեկնաբանելով` արդյոք Էրդողանից արդեն առաջարկ ստացվել է, թե՞ ոչ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, թե պաշտոնական Անկարան առաջարկել է Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ քառակողմ հանդիպում իրականացնել։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ հոկտեմբերին Իսպանիայի Գրանադա քաղաքում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։

«Ցավոք սրտի, ոչ։ Եթե փաստաթուղթ նախատեսվեր ստորագրել, ապա կնշանակեր, որ մենք համարել ենք, թե այդ փաստաթուղթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահին, և մենք պատրաստ ենք ստորագրել։ Մենք ասել ենք, որ մեր առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է և ուզում ենք հնարավորինս արագ, օրինակ` մինչև տարեվերջ կամ մյուս տարվա սկիզբ, ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր։ Մենք ամեն ինչ անում ենք դրա համար»,- ասել է նա։

Վարչապետը նաև հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կարող փոխել իր քաղաքական վեկտորը․ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը թափանցիկ է։ Հայաստանը չի կարող փոխել իր արտաքին քաղաքականության վեկտորն այն իմաստով, որ այն միշտ կողմնորոշված է ըստ Հայաստանի Հանրապետության պետական շահերի»,– նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով` ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ ուղենշված է և ելնում է երկրի պետական շահերից։

Մեկնաբանել