Հայությունը կենսունակ կլինի, երբ արտագաղթը հավասարակշռվի վերադարձով

Սփյուռքահայ հմուտ մասնագետների` Հայաստան վերադարձին օժանդակելու նպատակով ստեղծվել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանն այսօր ասուլիսում նշեց, որ դեռ 10-րդ դարից Հայաստանից արտագաղթը սովորական է դարձել, սակայն վերադարձի մեծ ալիք ունեցել ենք 20-րդ դարում, և «Երևանը վերադարձի արդյունքում հիմնված քաղաք է»: «Հայությունը կարող է լինել կենսունակ, եթե արտագաղթը հավասարակշռվում է վերադարձով»,- ասաց նա: Իր տվյալներով` այսօր Հայաստան է վերադարձել շուրջ 30 հազար հայ, ինչը թեպետ փոքր ցուցանիշ է արտագաղթողների 1մլն-ի համեմատ (100 արտագաղթողի դեմ 2 վերադարձող), սակայն ճիշտ մոտացման դեպքում կարող է ավելի մեծ արդյունքներ ունենալ: Չալաբյանի խոսքով` 5 հազար որակյալ մասնագետների վերադարձը երկրի տնտեսության աճի 2% արագացման է բերում:

«Դասական Սփյուռքի համայնքները քայքայվում կամ քանդվում են, և կարևոր է, որ այդ համայնքները տեղափոխվեն, հաստատվեն և ինտեգրվեն Հայաստանում»,- ասաց «Վերադարձ Հայաստան» նորաստեղծ հիմնադրամի խորհրդի նախագահ Րաֆֆի Քասարջյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի խոսքով այսօր Հայաստանում հաստատվել է շուրջ 400 վերադարձած: Նրանց պատմությունները զետեղված են հիմնադրամի կայքում (www.repatarmenia.org), և կարող են ոչ միայն ոգևորել պոտենցիալ վերադարձողներին, այլև` օգտակար լինել փորձի փոխանակման տեսանկյունից: Հիմնադրամը գործելու է երեք ծրագրային ուղղություններով. առաջինը` հայկական Սփյուռքում ակտիվորեն հայրենադարձության գաղափարը տարածելն է, երկրորդը` վերադարձած հայերի ինտեգրմանն աջակցելը, երորդը` հայրենադարձությունը խթանող պետական քաղաքականության և հասարակական միջավայր ձևավորելը:

ՍիվիլՆեթի այն հարցին, թե արդյոք հայրենադարձներին ներկայացվում է հայրենիքն իր, մեղմ ասած, անկատար դատաիրավական և հարկային համակարգերով, Ավետիք Չալաբյանը հավաստեց, որ տալիս են այն ողջ տեղեկատվությունը, որն այդ մարդուն կարող է պետք լինել: Նա նշեց, որ դեպքեր են եղել, երբ վերադարձողները ցանկացել են գործարար ձեռնարկով մտնել որոշակի ոլորտ. իրենք հորդորել են չանել նման բան` փաստելով, որ Հայաստանում որոշ ոլորտներում առկա են անշրջանցելի խնդիրներ: «Սակայն եղել է նաև այսպիսի դեպք. Գորիսում, ուր կա Լիսկայի հյուրանոցը, մի սփյուռքահայ կարողացավ բացել հյուրանոց` «Միրհավը». հիմա բոլոր հյուրերը նախ իր մոտ են գնում, եթե «Միրհավում» տեղ չի լինում, նոր գնում են տեղի պաշտոնյայի հյուրանոցը: Սկզբում մտածում էինք, որ չի ստացվի. զարմանալի էր, բայց նման մթնոլորտում շատ էլ հաջող ստացվեց»,- պատմեց նա:

«Վերադարձ Հայաստան»-ն իր սպառողներին ներկայացնում է տեղեկատվության այն ողջ փաթեթը, որ հնարավոր է պետք լինի` իրավաբանական խորհրդատվություն` ինչպես սկսել գործարարություն կամ աշխատանք գտնել, ինչպես օգտվել առողջապահական ծառայություններից կամ ասենք լավ ատամնաբույժ գտնել, ինչպես տառադարձել իրենց անուններն արևելահայերեն, ինչպես երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ տանել և այլն: Համագործակցելով գործարար, խորհրդատվական և հասարակական կազմակերպությունների հետ` այն մեծ հնարավորություններ ունի ներկայացնել հետաքրքրող ոլորտներն ամբողջությամբ:

Վարդան Մարաշլյանի խոսքով` դեռ չկա վիճակագրություն, թե վերադարձողների որ մասն է այստեղ հաջողվում, սակայն օրինակ բերելով Իսրայելը, նա նշեց, որ պետական, կեղծ պետական և հասարակական կազմակերպությունների մեծ ջանքերի արդյունքում այդ երկրում հաստատվում է վերադարձածների շուրջ կեսը: «Մենք էլ պիտի ձգտենք նվազեցնել հիասթափվողների և հեռացողների տոկոսը»,- ասաց նա:

Մեկնաբանել