Սեպտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած ավագանու ընտրությունները տարբեր ուժեր ու մեկնաբաններ դիտարկում էին ոչ միայն որպես տեղական իրադարձություն, այլև որպես վստահության հանրաքվե Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ու նրա վարած քաղաքականությանը։
Նախընտրական քարոզարշավի առաջին հատվածում իշխող ուժը, կարծես թե, ջանքեր էր գործադրում այս ընտրություններին ավելորդ քաղաքական նշանակություն չտալ և մնալ քաղաքային խնդիրների քննարկման դաշտում։ Այնուամենայնիվ, այս մոտեցումը փոխվեց ընտրարշավի վերջին օրերին, երբ ընտրական գործընթացին միացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը սկզբից ծավալուն հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանին, հետո ելույթ ունեցավ իշխող ուժի քարոզարշավը եզրափակող հանրահավաքին, որի ընթացքում գիտակցաբար բարձրացրեց ընտրությունների քաղաքական կարևորությունը՝ դրանք ներկայացնելով որպես Հայաստանի վտանգված ինքնիշխանության համար պայքարի դրվագ։
Մի խոսքով, իշխանությունները իրենց իսկ ջանքերով այս համայնքային ընտրությունները իրապես վերածեցին սեփական քաղաքական կուրսի վերաբերյալ հանրաքվեի։ Արդեն իսկ ակնհայտ է, որ այդ «հանրաքվեի» արդյունքները գոհացուցիչ չեն իշխող ուժի համար։
Երևանի ավագանու ընտրությունների ավարտին՝ նույնիսկ մինչև քվեների հաշվարկը, պարզ էր, որ այս պայմանական հանրաքվեն քաղաքական տեսանկյունից ձախողում էր իշխանությունների համար։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 28,44 տոկոսը՝ ի տարբերություն 2017 և 2018 թվականների քաղաքային ընտրությունների, երբ համապաստախանաբար գրանցվել էր 44 և 41 տոկոս մասնակցություն։
Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքներին, ապա դրանք ևս համոզիչ չեն։ Իշխող ուժը, վարչական ու քարոզչական խոշոր ռեսուրսների օգտագործմամբ և խիստ ցածր մասնակցության պայմաններում ստացել է քվեների 30 տոկոսից մի քիչ ավելի։ Անկախ այն հանգամանքից, թե ով ի վերջո կընտրվի Երևանի քաղաքապետ, այս արդյունքները ազդեցություն են ունենալու ինչպես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, այնպես էլ արտաքին կարևոր դերակատարների ընկալումների վրա։
2021-ի խորհրդարանական արտահերթընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համոզիչ հաղթանակը միջազգային դերակատարների մոտ ստեղծել էր տպավորություն, թե հայաստանյան հասարակությունը ամբողջովին ընդունել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները և պատրաստ է համակերպվել հետպատերազմյան ծանր իրողությունների հետ։ Իշխող ուժը ևս այդ ընտրությունների արդյունքները փորձում էր ներկայացնել որպես ժողովրդի կողմից ստացած մանդատ, որը տրվել է նրանց այպես կոչված «խաղաղության օրակարգի» իրագործման համար։ Այս պնդումը արվում էր ի հեճուկս այն հանգամանքի, որ ՔՊ-ն արտահերթ ընտրություններին ղարաբաղյան հարցով մասնակցել էր մեկ օրակարգով, իսկ հետագայում սկսել էր առաջ շարժվել տրամագծորեն այլ ծրագրով։ Այն իրողությունը, որ վերջին շրջանում անցկացված բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ հայաստանյան հասարակության բացարձակ մեծամասնությունը դեմ է Արցախի հարցում կառավարության վարած քաղաքականությունը, ևս անտեսվում էր։
Երևանի ավագանու ընտրությունները այդ առումով որոշիչ նշանակություն են ունենալու վերոնշյալ ընկալումները փոխելու հարցում։ Հայաստանի խոշորագույն բնակավայրում մասնակցության ռեկորդային ցածր թվերը, ինչպես նաև իշխանությունների ոչ համոզիչ արդյունքները ցույց են տալիս, որ կառավարությունը չունի հասարակության մեծամասնության աջակցությունը, այդ թվում հակամարտության կարգավորմանն առնչվող մոտեցումների հարցում։
Այս նոր իրողությունը կարող է նաև լուրջ ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա։ Այն բանակցային բովանդակությունը, որ այժմ քննարկվում է կողմերի միջև, վստահաբար ամենավատն է հայկական կողմերի համար կարգավորման գործընթացի ամբողջ պատմության ընթացքում։ Խաղաղ գործընթացը մեծ հաշվով վաղուց վերածվել է ադրբեջանական վերջնագրերի կատարման գործընթացի։ Ավելին, կա վտանգ, որ Հայաստանը կարող է պարտադրված լինել հրաժարվել նույնիսկ այն նվազագույն կարմիր գծերից, որոնք պաշտոնապաես հայտարարվել էին Նիկոլ Փաշինյանի կողմից ամիսներ առաջ։
Այդ առումով այդպիսի բովանդակությամբ փաստաթուղթը հնարավոր է հայաստանյան հանրությանը «վաճառել» միայն լեգիտիմության մեծ պաշարներ ունենալու պարագայում։ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ իշխող ուժը արդեն իսկ լրջագույն խնդիր ունի հանրային աջակցության հետ կապված։ Այս հանգամանքը վստահաբար ավելի է բարդացնելու արդեն իսկ լուրջ ճգնաժամի մեջ գտնվող բանակցային գործընթացը։ Եթե նույնիսկ հնարավոր լինի Ադրբեջանի հետ ընդհանուր հայտարարի գալ խաղաղության պայմանագրի օրակարգում առկա հիմնական տարաձայնությունների հարցում, ապա այդ փաստաթուղթը ստորագրելու քաղաքական ռիսկերը այժմ շատ ավելի մեծ են լինելու Հայաստանի իշխանությունների համար։