Սեպտեմբերի 18-ի առավոտյան տեղի է ունեցել Կարմիր խաչի բեռնատարների միաժամանակյա անցումը Աղդամ-Ստեփանակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհներով: Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով եկած բեռնատարը պարունակում է մանկական տակդիրներ և բժշկական պարագաներ: Բժշկական պարագաները կհատկացվեն հիվանդանոցներին:
Լաչինի միջանցքով Ստեփանակերտ է հասել 23 տոննա ալյուրով բեռնված մեկ բեռնատար մեքենա: Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի` Լաչինով եկած ալյուրը հայկական արտադրության է, իսկ Աղդամով եկած ապրանքները` ռուսական և շվեյցարական արտադրության:
«Չենք կարող ասել, թե հաջորդ բեռը երբ է գալու: Մենք չեզոք միջնորդ ենք, եթե վաղը խնդրանք լինի, որ այսինչ ապրանքը բերենք, դրա վրա ենք աշխատելու: Մենք հույս ունենք, որ սա վերջին անգամը չէ և դա պարբերական բնույթ է կրելու, որպեսզի բնակչությունը կարողանա իր կարիքները բավարարել»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Արցախը համաձայնել է Լաչինի միջանցքով և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխմանը։
Սիրանուշ Ադամյան, Ստեփանակերտ