«Մենք կաջակցենք Մարությանին, եթե կիսի ամբողջական իշխանափոխության մեր ծրագիրը»․ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքը կարծում է, որ քաղաքացիներն իրենց քվեարկությամբ առաջին «լուրջ հարվածը հասցրին իշխանություններին»։

Դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերի 18-ին հրավիրված ասուլիսին հիշեցրեց, որ խնդիր են դրել ամբողջական իշխանափոխություն իրականացնել, ինչի նախապայմանները տեսնում են։

«Պետք է հանրային ճնշումով ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում պետք է իրականացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրա հնարավորությունը կա»,- նշեց Թևանյանը։

Անդրադառնալով Երևանին՝ նա ասաց, որ իրենք ունեն կոնկրետ սկզբունքներ, որոնց համաձայն՝ կարող են այս կամ այն ուժի հետ համագործակցել․ դրանք երեքն են՝ նախ պետք է գնահատական տրվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, սահմանվի, որ իրենց հետ համագործակցող ուժը որևէ պարագայում հնարավոր չի համարում «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունը և վերջինը՝ ամբողջական իշխանափոխության ծրագիրը կիսելն է։

Խոսելով «Ազգային առաջընթաց» կուսակցության կամ «Հանրային ձայնի» հետ կոալիցիա ձևավորելու ու Հայկ Մարությանին՝ քաղաքապետի պաշտոնում աջակցելու մասին՝ Թևանյանն ասաց, որ «որպես այդպիսին ուղղակի բանակցություններ չկան»։

«Մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափերը այն պարագայում, երբ ուժը կիսում է մեր տեսակետը՝ ամբողջական իշխանության վերաբերյալ»,- նշեց Թևանյանը։ Նրա խոսքով՝ ինքն ի սկզբանե հայտարարել էր, որ գնում է իշխանափոխության, ոչ թե քաղաքապետ դառնալու ճանապարհով։

«Կոնկրետ Հայկ Մարությանի մասով․ եթե վերցնենք այն տոկոսները, որ նրանք հավաքել են, մենք կարող ենք օգնել, որ նա համապատասխան ձայներ հավաքի, ինչը կանենք այն դեպքում, երբ պարզ լինի, որ նա կիսում է մեր օրակարգը ամբողջական իշխանափոխության մասով»,- ամփոփեց Թևանյանը։

Մեկնաբանել