«Այլևս փաստ է՝ Հայաստանում հնարավոր է ընտրություններով իշխանափոխություն իրականացնել»․ Ապրելու երկիր 

Ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը, որը Երևանի ավագանու ընտրություններում հավաքել է քվեների ընդամենը 3,6 տոկոսը և չի հաղթահարել անցողիկ շեմը, հայտարարություն է տարածել ընտրությունների վերաբերյալ։

«Շնորհակալ ենք մեզ ձայն տված քաղաքացիներին վստահության համար։ Ցավոք, մեզ չհաջողվեց ճիշտ մարտավարությամբ արժանանալ ավելի շատ թվով երևանցիների վստահությանը, ինչը արձանագրվեց նաև բացառիկ ցածր մասնակցությամբ, երբ քաղաքացիների զգալի մասը վստահություն չունի քաղաքական գործընթացների նկատմամբ։

Սա, թերևս, ամենամտահոգիչն է այսօր։

Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ առանց ատելության խոսքի, ստի ու կեղծքի քաղաքական մշակույթի ձևավորման մեր սկզբունքին՝ խոսելով մեզանից, մեր ծրագրերից։ Այս մարտավարությամբ, սակայն, հաջողության հասնելու համար Հայաստանում բավական երկար ու բարդ քաղաքական ճանապարհ է անհրաժեշտ։

Միևնույն ժամանակ, այլևս փաստ է այն, ինչի մասին խոսում ենք արդեն երկու տարի՝ Հայաստանում հնարավոր է ընտրություններով իշխանափոխություն իրականացնել։ Մենք արեցինք առավելագույնը, որ ՔՊ-ն Երևանում իշխանազրկվի։ Ակնհայտ է, որ ընտրություններին մասնակցող երևանցիների մեծամասնությունը մերժել է ՔՊ-ի կողմից Երեւանի կառավարման գաղափարը։ Սա հնարավորություն կտա երկրում ընտրությունների միջոցով իրականացնել ամբողջական իշխանափոխություն։

Հուսով ենք քաղաքական ուժերը կգնան բացառապես այս ճանապարհով՝ պայքարելով ժողովրդի վստահության քվեի համար։

«Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է իր քաղաքական պայքարը՝ հանուն ուժեղ և ինքնիշխան Հայաստանի, ազատ և ապահով Արցախի»,- նշվում է կուսակցության հայտարարությունում։

***

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի բոլոր 475 տեղամասերի 234 436 ընտրողների քվեների ամփոփ պատկերը։ Ըստ նախնական տվյալների՝ Երևանի ավագանի մտնելու շեմը հաղթահարել են հետևյալ հինգ քաղաքական ուժերը․

«Քաղաքացիական պայմանագիր»՝ Տիգրան Ավինյան – 32,57% կամ 75 463 ձայն,

«Ազգային առաջընթաց»՝ Հայկ Մարության – 18,89% կամ 43 765 ձայն,

«Մայր Հայաստան»՝ Անդրանիկ Թևանյան – 15,43% կամ 35 739 ձայն,

«Հանրապետություն»՝ Արտակ Զեյնալյան – 11,32% կամ 26 236 ձայն,

«Հանրային ձայն»՝ Արտակ Գալստյան (այս կուսակցության փաստացի առաջնորդը հետախուզման մեջ գտնվող Վարդան Ղուկասյանն է՝ Դոգ մականունով) – 9,68% կամ 22 431 ձայն:

Մեկնաբանել