Ադրբեջանական Mikroskop լրատվականը անհասանելի է դարձել կիբերհարձակումից
Իսմի Աղաև, OC Media
Ադրբեջանական Mikroskop լրատվականը ցանցում անհասանելի է դարձել ակնհայտ կիբերհարձակման պատճառով։ Լրատվամիջոցի ղեկավարությունը ենթադրում է, որ հարձակման հետևում կարող է կանգնած լինել կառավարությունը:
Mikroskop-ի կայքը շաբաթ օրը անհասանելի է դարձել, որին հետևել է գրոհայինների հաղորդագրությունը, որոնք լրատվամիջոցից պահանջել են 0,5 բիթքոին ($13 000)՝ կայքը վերագործարկելու համար: Երկուշաբթի առավոտվա դրությամբ կայքը անհասանելի էր։
Պարբերականի համահիմնադիր, գլխավոր խմբագիր Ֆաթիմա Քարիմովան OC Media-ին ասել է, որ հարձակման հետևում հաքերային խումբ է:
Նրա խոսքով՝ Mikroskop-ը ենթարկվել է հարձակման Ադրբեջանում լուրերի լուսաբանման և Ղարաբաղյան հակամարտության հետաքննությունների համար:
«Թեև մենք մինչ այժմ ևս բախվել էինք տարբեր տեսակի ճնշումների և հարձակումների, սակայն այս տարվանից դրանց թիվն ավելացել է հակամարտության վերաբերյալ քննադատական հրապարակումների պատճառով»,- ասել է Քարիմովան։
Mikroskop-ի համահիմնադիր Ջավիդ Աբդուլլաևն ասել է, որ իր թիմը կորցրել է հասանելիությունը կայքի բեքենդին շաբաթ օրվա կեսօրին: Նա կասկածում է, որ հարձակման հետևում Ադրբեջանի կառավարությունն է:
«Առաջին բանը, որ գալիս է մտքիս, իշխանությունն է, քանի որ վերջին շրջանում Ղարաբաղում տեղի ունեցածի մասին մեր հրապարակած նյութերի համար անընդհատ վիրավորանքների ու ճնշումների ենք բախվում»,- գրել է Աբդուլլաևը Ֆեյսբուքում։
«Մենք փորձում ենք նաև կապվել հաստատությունների հետ, որոնք կարող են մեզ տեխնիկական աջակցություն տրամադրել այս հարցում,- ասել է Աբդուլլաևը։- Մենք քննարկում ենք, թե ինչ պետք է անենք, եթե կայքի վերականգնումն անհնարին լինի»։
Աբդուլաևը շաբաթ օրը «Ամերիկայի ձայն»-ին ասել է, որ ադրբեջանական լրատվական կայքերը նախկինում փրկագնի համար հարձակումների չեն ենթարկվել:
«Մինչ այժմ անկախ լրատվական կայքը կոտրելուց հետո նրանք փորձում էին ջնջել դրա արխիվը,- ասել է Աբդուլլաևը։- Մեր կայքում արխիվային նյութերը հասանելի են հղման միջոցով, մինչդեռ գլխավոր էջը կամ ադմինիստրատորի վահանակն անհասանելի են»:
2018-ի սկզբին վտարանդիության մեջ հիմնադրված Mikroskop-ն Ադրբեջանում արծարծում է մի քանի վիճելի թեմաներ, այդ թվում՝ հակամարտությունը, մարդու իրավունքները, սոցիալական և գենդերային խնդիրները: