Աղիքային վարակ Ստեփանակերտում. 55 երեխա հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 26-ի Ստեփանակերտի համար 1 և 3 մանկապարտեզներում բռնկված զանգվածային աղիքային հիվանդությունների վարակի հետևանքով 55 երեխա հոսպիտալացվել է. այս մասին տեղեկանում ենք Karabakh-open.info կայքից։

Ըստ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի՝ երեխաներից 32-ը գտնվում են Ստեփանակերտի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ում, իսկ շուրջ 20-ը՝ տեղ չլինելու պատճառով գտնվում են «Արևիկ» մանկական բուժմիավորումում։

Ստեփանակերտի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ստելլա Միքայելյանի հավաստմամբ՝ հիվանդների մոտ բարդացում չկա։ «Բոլոր հիվանդները հսկողության տակ են գտնվում և արդեն նկատելի առաջընթաց կա»,- նշել է Միքայելյանը։

«Արևիկ» մանկական բուժմիավորման գլխավոր տնօրեն Մեսրոպ Մարգարյանի տեղեկացմամբ՝ հիվանդների թիվը երեկվանից չի ավելացել։ «Մեզ մոտ ներկա դրությամբ 24 երեխա է բուժում ստանում։ Իսկ այն երեխաներին, ովքեր հաճախում էին համար 1 և 3 մանկապարտեզները, բայց չեն վարակվել, այցելում ենք, տալիս համապատասխան խորհուրդներ, նշանակումներ և հետազոտության համար անհրաժեշտ ուղեգրեր»,- ասել է Մարգարյանը՝ հավելելով, որ իրավիճակը վերահսկվում է և խուճապի մատնվելու առիթ չկա։

Ամեն դեպքում, ելնելով ապահովությունից, Մ.Մարգարյանի խոսքով, «Արևիկ» մանկական բուժմիավորումում այսօր հայտարարվել է կարանտին։

Համար 1 և 3 մանկապարտեզներում հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից իրականացվել են հակահամաճարակային բոլոր միջոցառումները։ Ներկա դրությամբ ուսումնասիրվում են մասսայական աղիքային ինֆեկցիայի պատճառները և մոտ ժամանակներս լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները պարզ կլինեն։ «Ամենայն հավանականությամբ ինֆեկցիայի պատճառն ինչ-որ կոնկրետ մթերք է, քանի որ առաջին հիվանդների մոտ և մանկապարտեզների պատրաստած սննդի մեջ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել»,-ասել է Օֆելյա Հարությունյանը։

Նշենք, որ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունն ուժեղացրել է հսկողությունը մայրաքաղաքի մնացած մանկապարտեզներում։

Karabakh-open.info-ն փորձել է կրթության և գիտության նախարարությունից պարզել, թե որ ընկերություններն են սննդով մատակարարում նշված մանկապարտեզները, սակայն նախադպրոցական և արտադպրոցական աշխատանքների բաժնի վարիչ Աննա Այվազյանը նշել է, որ մինչև վերջնական պարզ չլինեն անալիզների պատասխանները ոչինչ չեն կարող ասել և չեն ցանկանում մարդկանց հարվածի տակ դնել։