Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ. հայկական կողմն ունի 27 զոհ

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ թիրախավորելով նաև քաղաքներն ու խաղաղ բնակիչներին։ Ստեփանակերտում օդային տագնապ է միացել, լսվում են հրետանու ձայներ։ Ավելի վաղ՝ առավոտյան, ադրբեջանական կողմը հաղորդագրություն էր տարածել, թե իբր դիվերսիոն գործողությունների հետևանքով 6 ադրբեջանցի է զոհվել։ Արցախի պաշտպանության բանակը հերքել էր դիվերսիոն ներթափանցում անելու մասին Ադրբեջանի ԱԱԾ հաղորդագրությունը։ ՍիվիլՆեթը Արցախում ու Արցախի շուրջ իրադարձություններին հետևում է հակադարձ ժամանակագրությամբ։

24:20

Ստեփանակերտի դիահերձարանից Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի կողմից շարունակվող լայնամասշտաբ ահաբեկչության հետևանքով ժամը 22։30-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 27-ի, այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով որ վիրավորների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։

Նա նշել է, որ թվերը չեն ներառում Ասկերանի և Մարտունու բուժհիմնարկները, քանի որ նրանց հետ դեռ չի հաջողվել կապ հաստատել։

22:53

Ռուս խաղաղապահների տելեգրամ-ալիքը տեղեկացնում է, որ նրանք այսօր ԼՂ-ում տարհանել են ավելի քան 1 800 խաղաղ բնակիչների։ Ներկայումս բոլորն ապահովված են կացարաններով և տաք սնունդով։

22:30

Ադրբեջանի ռմբակոծության հետևանքները Ստեփանակերտում

22:06

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների կապակցությամբ և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այդ գործողությունները։ Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում։

20:59

«Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում գտնվում է 128 վիրավոր։ «Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Ներկայումս նրանց վիրահատում են»․ Արցախի առողջապահության նախարարություն

20:51

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդում է, որ Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լիակատար ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։

20:28

Արցախի 6 համայնքների (Խրամորթ, Խնապատ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ) քաղաքացիական բնակչությունը տարհանվել է, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

20:15

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ Ադրբեջանը ավիահարված է հասցրել Մարտակերտ քաղաքի և Ասկերանի շրջանի գյուղերից մեկի մոտ․ «Հետևանքների մասին դեռ տեղեկություն չունեմ»։

19։50

Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակիչ, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում: Ադրբեջանական ԶՈւ-ն ավերել է համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են:

[ԱՀ մարդու իրավունքների պաշտպան]

19:35

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, հայտնում է թուրքական TRT Haber-ը: Երկու պաշտոնյաները հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքների շրջանակում:

19:25

Արցախի ՊՆ․ Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։

19:20

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:

Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Ցավոք արձանագրվել է մահվան 5 դեպք։ Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար։

18:45

Ավստրիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կա 2 զոհ և 26 վիրավոր. ասվում է X (նախկին Twitter) սոցցանցում Ավստրիայի ԱԳՆ գրառման մեջ։

«Ծայրաստիճան մտահոգված ենք Հարավային Կովկասում հարձակման կապակցությամբ։ Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն։ Անհրաժեշտ է դե-էսկալացիա»,- նշել են Ավստրիայի ԱԳՆ-ից՝ կիսվելով իրավիճակի վերաբերյալ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությամբ։

18:40

Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայկական բնակչության ներկայացուցիչների հետ հանդիպման, հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։ Պատրաստ են հանդիպել Եվլախում։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «հակաահաբեկչական գործողությունները մոտենում են ավարտին, սահմանված նպատակներին հասել են»։

18։10

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը: Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնում:

18:00

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ. Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը», – գրել է նա:

17:50

Կրեմլում անհանգստացած են Ղարաբաղում իրավիճակի սրացումով. Պեսկով

ՌԴ զինվորականները կապի մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ, և հնարավոր են շփումներ ամենաբարձր մակարդակով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` հավելելով, որ Կրեմլում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում իրադրության լարմամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Առաջին հերթին, այժմ շփումներն իրականացվում են մեր զինվորականների, այլ գերատեսչությունների միջոցով, հաղորդակցությունը համակարգվում է նաև ավելի բարձր մակարդակով: Վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում մենք ձեզ անմիջապես կտեղեկացնենք, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով հնարավոր շփումների մասին», – ասել է Պոսկովը` պատասխանելով լրագրողներին այն հարցին, թե առաջիկա ժամերին պլանավորվում են արդյոք շփումներ Բաքվի և Երևանի հետ։

Պեսկովը նաև նշել է , որ Կրեմլը կոչ է անում Երևանին և Բաքվին հետևել նախկինում ստորագրված եռակողմ փաստաթղթերին։

«Միակ բովանդակային հիմքը երկու և երեք տարի առաջվա եռակողմ փաստաթղթերն են, որոնք ստորագրվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուստի մենք բոլորին կոչ ենք անում հետևել այդ փաստաթղթերի դրույթներին և, բնականաբար, հաշվի առնելով նոր իրողությունները, այն է` հայկական կողմի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման փաստը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Պաշտոնյան նաև հայտնել է, որ Կերմլում տեղություն չունեն` արդյոք ստեղծված իրավիճակով պայմանավորված Ղարաբաղում ռուս խաղաղապահները սպառնալիքի տակ են: Նա համարել է այդ հարցը առաջնահերթություն:

17:32

Այս պահի դրությամբ կրակի ինտենսիվությունը շփման գծում էականորեն նվազել է, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

17:25

Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ: Հայտարարությունը տարածել է Արցախի տեղեկատվական շտաբը։

17:16

Քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ, 26 վիրավոր

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։

Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, 26 վիրավոր՝ այդ թվում՝ 11 երեխա։

Քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ բնակավայրերում և Ստեփանակերտում։

17:11

Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի հարձակումը ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու կոչ է անում։

«Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումը և հարգել միջազգային իրավունքը։ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի բնակչության ճակատագրի համար բացառիկ պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա։ Ֆրանսիան կոչ է անում շտապ հրավիրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ։ Փարիզը սերտ կապի մեջ է եվրոպացի ու ամերիկացի գործընկերների հետ՝ վճռականորեն արձագանքելու այս անընդունելի հարձակմանը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում:

17:08

Ադրբեջանական հարձակման հետևանքները․ տեսանյութը Artsakh TV News-ի։

16:49

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շտապ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Հերթական անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:

Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն, և այն իրականացնելով, Բաքուն շահարկում է հումանիտար միջանցքի և մարդասիրության այլ կեղծ օրակարգեր:

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շտապ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները:

Հաշվի առնելով հազարավոր մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ պաշտոնական Ստեփանակերտը կոչ է անում միջազգային դերակատարներին և շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ:

Արցախի Հանրապետությունը մշտապես եղել է խաղաղ կարգավորման կողմնակից և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բոլոր հարցերի լուծումը տալ բանակցությունների միջոցով»։

16:42

ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են․ Փաշինյանը՝ ԼՂ-ում իրավիճակի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է․

– Ադրբեջանը մեկնարկել է Արցախի բնակչությանը էթիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան։

– ՌԴ խաղաղապահները պետք է գործողություններ իրականացնեն, երկրորդը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է գործողություններ ձեռնարկի

– Եթե Ադրբեջանը հայտարարում են, թե տեղի է ունենում, այսպես կոչված, հակաահաբեկական գործողություն և քաղաքացիական ենթակառուցվածքներին ու քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են նրանք հայտարարում մարդկանց ԼՂ-ից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին։

– ՀՀ-ն որևէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականցնելու մանդատ չի տվել։ Մեր մշտական խնդիրը ԼՂ-ի իրավունքների և անվտանգության ապահովումը»։

– ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են։ Մենք այս պահին որևէ կտրուկ գործողություն, որևէ արկածախնդրային գործողություն չպետք է անենք

16:21

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը։

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։ Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան կիրառում է լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական ներազդման միջոցառումներ։ Կոչ ենք անում հայկական լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան օգտատերերին, չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»,- ասված է հաղորդագրությունում։

16:04

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ խաղաղ բնակչության շրջանում այս պահին կա առնվազն 2 զոհ և 11 վիրավոր։

«Ադրբեջանի հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում։ Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա»,- Թվիթերի իր էջում գրել է նա։

15:51

Ադրբեջանը հրետակոծում է Ստեփանակերտի բնակելի թաղամասերը․ տեսանյութը հրապարակել է Ստեփանակերտի բնակիչ Սիրանուշ Սարգսյանը։

***

15:37

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ.

«Կոչ միջազգային գործընկերներին, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար առաջնային պարտավորություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով»։

***

15:30

Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ հակառակորդը փորձում է առաջանալ ՊԲ պաշտպանության խորքը․ «Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն»։

«Սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը։ Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն»,- ասված է հաղորդագրությունում։

15:27

Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցից հաստատեցին, որ իրենց մոտ են տեղափոխվել 6-7 երեխաներ։ Նրանց վիճակի վերաբերյալ մանրամասներ հիվանդանոցից չհայտնեցին։

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի հրետակոծության հետևանքով երեխաներ են վիրավորվել, որոնք տեղափոխվել են Ստեփանակերտ։

15:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ, հաղորդում է Հայաստանի ԱԽ գրասենյակը։

«Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունները»,- նշված է հաղորդագրությունում։

***

15:18

Ռուսական կողմը Հայաստանին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների»-ի անվան տակ ռազմական գործողություններ իրականացնելու մասին: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

15:09

Ռուսաստանը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարավոն։

«Կոչ է անում հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը և վերադառնալ դիվանագիտական կարգավորմանը։ Խնդրի լուծման բոլոր քայլերն արձանագրված են 2020-2022-ի ընթացքում ստորագրված եռակողմ փաստաթղթերում»,- ասել է նա։

14:57

Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ՍիվիլՆեթին մեկնաբանություն է տվել Արցախում ստեղված իրավիճակի վերաբերյալ․

«Այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը և քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին: Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ և հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար»։

14:40

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում է, որ հակառակորդն օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

«Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հայտարարությունում։

14:34

Ղարաբաղում իրավիճակի հարցով Ռուսաստանն այժմ շփումներ է անցկացնում Ադրբեջանի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հայտնել է՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն կհրապարակի Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ադրբեջանական կողմի հետ շփումների արդյունքների վերաբերյալ։

14:25

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում. մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է թշնամու մխրճումը:

«Ռուսաստանի Դաշնությունը, ով ռազմական ներկայություն ունի Արցախում պետք է հստակ ու առարկայական գործողություններ իրականացնի` պատերազմը կանգնեցնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու համար: ՌԴ-ն դեռ չի արձագանքել պաշտոնական Բաքվի այն պնդումներին, որ օպերացիայից առաջ տեղեկացրել են նաև ռուս խաղաղապահներին»,- գրել է Աբրահամյանը։

14:26

Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրությունը․

«Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Արցախի ՊՆ֊ն պարբերաբար հանդես կգա լրացուցիչ հաղորդագություններով»։

14:13

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է։

***

13:55

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում են ԼՂ ուղղությամբ ռազմական հարվածների տեսանյութեր։

13:45

Արցախցի լրագրող Մարութ Վանյանն ադրբեջանական կրակահերթերի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել։

Տելեգրամ ալիքներում հրապարակվել է հրետակոծությունը փաստող մեկ այլ տեսանյութ։

13:41

Արցախում զանգվածային հրետակոծություն է սկսվել, Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

13:34

Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի տարբեր հատվածներում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Ղարաբաղում սկսել է տեղային բնույթի հակաահաբեկչական գործողություններ՝ Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով»։

Ադրբեջանի ՊՆ-ն հայդել է, որ ձեռնարկված գործողությունների մասին տեղեկություններ են հաղորդվել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատարական կազմին, ինչպես նաև ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնին: