ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են․ Փաշինյանը՝ ԼՂ-ում իրավիճակի մասին

Ադրբեջանն սկսել է Արցախի բնակչությանը էթնիկ զտումների ենթարկելու գործողություն, Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը, ըստ էության, մեկնարկել է Արցախի բնակչությանը էթիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան։ ՌԴ խաղաղապահները պետք է գործողություններ իրականացնեն, երկրորդը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է գործողություններ ձեռնարկի»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա տարօրինակ համարեց Ադրբեջանի այն հայտարարությունը, թե մարդասիրական միջանցք են թողնելու խաղաղ բնակչության համար՝ Լեռնային Ղարաբաղը լքելու համար․ «Սա էթնիկ զտումների ուղիղ գործողություն է։ Եթե նրանք հայտարարում են, թե տեղի է ունենում, այսպես կոչված, հակաահաբեկական գործողություն և քաղաքացիական ենթակառուցվածքներին ու քաղաքացիներին հարված չի հասցվում, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են նրանք հայտարարում մարդկանց ԼՂ-ից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին։ Եթե նրանց ասածն իրականության հետ կապ ունենար, ընդհակառակը, պիտի հորդորեին քաղաքացիներին պատսպարվել ու մնալ ապաստարաններում»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց. «Այս ընթացքում կան մեկնաբանություններ, որոնցով փորձ են անում տեղի ունեցողը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ։ Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել այն, ինչը բազմիցս ասել եմ՝ ՀՀ-ն որևէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականցնելու մանդատ չի տվել։ Մեր մշտական խնդիրը ԼՂ-ի իրավունքների և անվտանգության ապահովումը»։

«Մեր հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել ներքին և արտաքին ուժերի վրա, որոնք ուզում են Հայաստանը ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ։ ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը անընդունելի են։ Ինչպես սպասվում էր տարբեր տեղերից հնչում են Հայաստտանում հեղաշրջում իրականացնելու կոչեր։ Այս պայմաններում պետականությունը պետք է արձագանքի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Շատ մեծ բան կախված է ՀՀ քաղաքացիներից։ Մենք այս պահին որևէ կտրուկ գործողություն, որևէ արկածախնդրային գործողություն չպետք է անենք»,- հայտարարեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այս պահի դրությամբ Հայաստանի սահմանների երկայնքով իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Ըստ նրա՝ այս ամենի հիմնական թիրախը ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։

«Տարօրինակ և տարակուսելի էր Ադրբեջանի այն տեղեկությունը, որ այս գործողության մեկնարկի մասին պաշտոնապես տեղյակ է պահել ՌԴ-ին, սակայն փաստն այն է, որ մենք գոնե այդ գործողության մասին ՌԴ մեր գործընկերներից տեղեկություն չենք ստացել»,- ասաց նա։

Մեկնաբանել