Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ

«Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնայանը սպիտակ ֆիգուրներով չկարողացավ հաղթել մրցաշարային աղյուսակի առաջատար իտալացի Ֆաբիանո Կարուանային և վաստակած 7 միավորով շարունակում է ընթանալ 2-րդ տեղում:

27-րդ քայլից սկսած Լևոնը բացահայտ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ: Մինչև 55-րդ քայլը քչերը կարող էին կասկածել Արոնյանի հաղթանակին, սակայն 55-րդ քայլին Լևոնը կոպիտ սխալ թույլ տվեց և Կարուանան կարողացավ հավասարեցնել դիրքը: Եվս 18 քայլ հետո գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի:

Այս տուրի մյուս 2 պարտիաները նույնպես խաղաղ ելք ունեցան: Վիշավանաթհան Անանդը (Հնդկաստան) ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ, իսկ Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան)` Ֆրանսիսկո Վալեխո Պոնսի (Իսպանիա):

5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1. Կարուանա 11
2. Արոնյան 7
3. Կարլսեն 6
4. Անանդ 5
5. Վալեխո 3
6. Կարյակին 3

Մարզական գործընկեր SportArmenia.com