Լիա Ավագյան
ՍիվիլՆեթի արցախյան թիմի օպերատոր Հասմիկը շուրջ մեկ օր է՝ Ստեփանակերտի ապաստարանում է։ Հարյուրավոր կանայք և երեխաններ կան ապաստաններում․ քաղաքը ուղիղ հրետակոծության տակ է։
Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից է Հասմիկը, առաջին հրետակոծության ժամանակ ծնողները գյուղում են եղել։ Նա պատմում է, որ ռմբակոծության գիշերը ապաստարանում մարդիկ քաղցած են լուսացրել, չեն կարողացել դուրս գալ, սնունդ բերել, ամբողջ գիշեր ուղիղ կրակի տակ էին։
Արդեն սեպտեմբերի 20-ի առավոտյան արագ-արագ կազմակերպվել են, ով տնից ինչ կարողացել՝ գտել-բերել է։ Փայտի մեկ վառարան են դրել, ու հարյուրավոր մարդկանցով շուրջը հավաքվել, ճաշ եփել, հյուրասիրել բոլորին։
Ապաստարաններում, հիմնականում, կանայք և երեխաններ են, բջջային և ինտերնետ կապ չկա, չեն կարողանում կապվել իրենց հարազատների, զինվորների հետ։
Հասմիկը հրետակոծության ժամանակ քրոջից ոչ մի լուր չի ունեցել, Ստեփանակերտի տարբեր ապաստարաններում են եղել, ասում է՝ առաջին անգամ է, որ տնեցիներից հեռու են պատերազմի ժամանակ։ Երբ հրետակոծությունը մի քիչ պասիվացել է, կարողացել է կապ հաստատել և արագ գնալ քրոջ մոտ։ Հասմիկի ծնողները տարհանվել են գյուղից, այժմ ռուս խաղաղապահների մոտ են։
ՍիվիլՆեթի արցախյան թիմի թղթակից Սիրանուշն էլ երկար ժամանակ ծնողներին չէր տեսել, սեպտեմբերի 19-ին գնացել էր գյուղ՝ Կարմիր շուկա, հետո ռմբակոծությունն է սկսվել։ Արդեն մեկ օր է՝ բջջային կապի բացակայության պատճառով Սիրանուշից ոչ մի լուր չկա։