Իսպանիայի պետական պարտքը հաջորդ տարի կկազմի ՀՆԱ-ի 90,5%-ը

Իսպանիայի տնտեսությունը շարունակում է մնալ ճգնաժամի մեջ. 2013թ. երկրի պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 90,5%-ը, տեղեկացնում է Reuters-ը:

Պետական պարտքը կմեծանա այն 30 մլրդ եվրոյի հաշվին, որը Եվրամիությունը ծրագրում է տրամադրել երկրի ֆինանսական համակարգի առողջացման նպատակով (ավելի վաղ խոսքը 100 մլրդ եվրոյի մասին էր):

Իսպանիայի ֆինանսների նախարարության կանխատեսումների համաձայն՝ 2013թ. Մարիանո Ռախոյի կառավարությունը պետք է թողարկի 207,2 մլրդ եվրոյի պարտքային պարտատոմսեր, որը 20 մլրդ եվրոյով ավելի է այս տարվանից: Փոխառությունների հիմնական մասը կլինեն Իսպանիայի ֆիննախի միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերը:

Նշենք, որ նույնիսկ ճգնաժամային 2008թ. Իսպանիայի պետական պարտքը շուրջ երեք անգամ քիչ էր: Նախօրեին Իսպանիայի կառավարության ներկայացրած բյուջեով ծրագրվում է խնայել ավելի քան 13 մլրդ եվրո, դեֆիցիտը պետք է կազմի ՀՆԱ-ի 4,5%-ը ներկայիս 6,3%-ի համեմատ: Մասնավորապես պետք է կրճատվեն առողջապահության և կրթության ոլորտներում կատարվող ծախսերը: Ներկայում Իսպանիայի բյուջեի դեֆիցիտը մեծության երրորդն է եվրոգոտու երկրներում: