Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում կա առնվազն 200 զոհ, ավելի քան 400 վիրավոր․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։ Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված է քաղաքացիական անձանց մահվան 10 դեպք, որոնցից 5-ը երեխաներ են»,- ասված է հայտարարությունում։

Արցախի ՄԻՊ գրասենյակը շարունակում է փաստահավաք աշխատանքները՝ անհայտ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ։

Սեպտեմբերի 19-ի կեսօրին Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ այն անվանելով «հակաահաբեկչական գործողություն»: Ստեփանակերտը և Արցախի այլ բնակավայրերը ենթարկվել են զանգվածային հրետանային և հրթիռային հարձակման:

ԼՂ-ում ռուս խաղաղապահների հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց «ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների դուրսբերման, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կազմալուծման ու ամբողջական զինաթափման և ԼՂ-ի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ»։

Սեպտեմբերի 21-ին Եվլախում հանդիպում կկայանա ԼՂ հայ բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման» հարցով։

Մեկնաբանել