Ջավախքի ընդդիմությունը՝ ճնշումների տակ

Վրաստանի Սամցխե-Ջավախք երկրամասի երկու շրջաններ՝ Նինոծմինդան և Ջավախքը, գերազանցապես հայաբնակ են: Հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով այս երկու շրջաններից ընտրվելու են մեկական պատգամավորներ: Նինոծմինդայում առաջադրված բոլոր չորս մեծամասնական թեկնածուները հայեր են: Ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությունն առաջադրել է Վրաստանում հայտնի նախկին օդաչու Ալբերտ Նուրբեկյանին: Նրա հիմնական մրցակիցը նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ, Վրաստանի խորհրդարանի երկար տարիների պատգամավոր և Ջավախքում հայտնի գործարար Հենզել Մկոյանն է: Նուրբենկյանը Թբիլիսիից է: Նրա նախընտրական շտաբի գրեթե բոլոր անդամները ևս մայրաքաղաքից են՝ հիմնականում ազգությամբ վրացի: Շտաբի ղեկավար Թեմուր Չիչուան ասում է, որ ընդդիմության համար Նինոծմինդայում աշխատելը չափազանց բարդ է:

«Սա, կարելի է ասել, Վրաստանի ամենաբարդ շրջանն է: Տեղի բնակչությունը, փաստացի, զրկված է ընտրելու հնարավորությունից: Որևէ ընտրող, ով կհամարձակվի անգամ շփում հաստատել ընդդիմության հետ, անմիջապես վերցվում է հսկողության տակ, նրան անմիջապես հարցաքննում են և զրկում մեզ հետ հետագա շփումներից: Եվ այս ամենը ուղեկցվում է սպառնալիքներով»,- ասում է Չիչուան: Նա ընդգծում է, որ Վրաստանը ժողովրդավարական է միայն դեմքով, մինչդեռ ներսում բոլորովին այլ երկիր է և շատ նման հետխորհրդային մյուս ավտորիտար պետություններին:

Եթե Նինոծմինդայի շրջանում բնակչության շուրջ 98 տոկոսն են հայեր, ապա Ախալքալաքում՝ 95 տոկոսը: Այստեղ առաջադրվել է վեց թեկնածու, որոնցից միայն մեկն է ազգությամբ վրացի: Ինչպես Նինոծմինդայում, այնպես էլ Ախալքալաքում հիմնական պայքարը գնալու է իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի միջև: Իշխանական թեկնածուն Սամվել Պետրոսյանն է: Նրա մրցակիցը «Ջավախք» ժողովրդական շարժման ղեկավար և «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Նորիկ Կարապետյանն է:

Նորիկ Կարապետյանը վրացական ժողովրդավարությունը համեմատում է երկհարկանի շենքի հետ, որի առաջին հարկը միջազգային հանրությանը ցուցադրության համար է, իսկ երկրորդ հարկում իրական Վրաստանն է: «Նախընտրական շրջանում ընդդիմության հանդեպ կիրառվում են զանազան սպառնալիքներ: Այն մարդիկ, ովքեր մեր հետ են, նրանց ու նրանց ընտանիքի անդամների հանդեպ իրականացնում են ամենատարբեր ճնշումներ: Ախալքալաքը ամբողջությամբ վրացական ոստիկանության ու հատուկ ծառայությունների վերահսկողության տակ է»,- ասում է նա:

Վրաստանի հայերը, ովքեր կազմում են երկրի բնակչության 6 տոկոսը, սովորաբար ընտրություններին քվեարկում են այն քաղաքական ուժի օգտին, որը ներկայացնում է իշխանությունը: Այս ընտրություններին ևս վիրահայությունը հավանաբար կքվեարկի գործող նախագահ Սաակաշվիլիի գլխավորած ուժի օգտին, թեև քիչ չեն այն հայերը, այդ թվում՝ Ջավախքում, որոնք կքվեարկեն ընդդիմության՝ «Վրացական երազանքի» օգտին:

Մեկնաբանել