Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Ժողովրդավարության արդյունքները» համաժողովին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Մինչև համաժողովի մեկնարկը Միրզոյանը զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ շեշտելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը դադարեցնելու համար միջազգային միջամտության անհրաժեշտությունը։
Համաժողովի ժամանակ Արարատ Միրզոյանը մասնավորապես նշել է․ «Սա երկրորդ անգամն է, որ ես ելույթ եմ ունենում այս կարևոր միջոցառմանը և երկրորդ անգամը, որ ես ստիպված եմ խոսել մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին: Անցյալ տարի, մինչ մենք քննարկում էինք մեր ժողովրդավարական ուղու առջև առկա մարտահրավերներն ու սպառնալիքները, Հայաստանի ինքնիշխան տարածքն ագրեսիայի էր ենթարկվել Ադրբեջանի կողմից: Ցավոք, Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը շարունակվեց նաև այս տարի, և այս անգամ այն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: 120 000 մարդիկ՝ ներառյալ կանայք, երեխաներ և տարեցներ, ներկա պահին առերասվում են իրենց կյանքի համար գոյութենական սպառնալիքի, քանի որ Ադրբեջանը փորձում է էթնիկ զտման ենթարկել և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զրկել իրենց հայրենիքում անվտանգ, ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքից»։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հաշվի առնելով իրավիճակի բարդությունը, միջազգային հանրությունը պետք է հրատապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկի վերահաս ոճրագործությունը կանխելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու նպատակով:
«Եթե մենք հիրավի ցանկանում ենք ապահովել ժողովրդավարության արդյունվետությունն ընդդեմ ավտորիտար պարտադրանքի, ժողովրդավարական աշխարհն իր ձեռբերումները գովաբանելով հանդերձ, պետք է լուրջ քայլեր ձեռնարկի ընդդեմ առկա սպառնալիքների և մարտահրավերների՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների և անվտանգության հարցերի ժամանակին հասցեագրումը՝ նպատակ ունենալով կանխել հանցագործություններից ամենածանրը՝ ցեղասպանությունը, և Հարավային Կովկասում խթանել արդար և տևական խաղաղություն»,- ասել է Միրզոյանը։
***
Սեպտեմբերի 19-ի կեսօրին Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ այն անվանելով «հակաահաբեկչական գործողություն»: Ստեփանակերտը և Արցախի այլ բնակավայրերը ենթարկվել են զանգվածային հրետանային և հրթիռային հարձակման: Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր:
ԼՂ-ում ռուս խաղաղապահների հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց «ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների դուրսբերման, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կազմալուծման ու ամբողջական զինաթափման և ԼՂ-ի տարածքից ծանր տեխնիկայի ու սպառազինության դուրսբերման վերաբերյալ»։
Սեպտեմբերի 21-ին Եվլախում հանդիպում կկայանա ԼՂ հայ բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման» հարցով։