Համաշխարհային տնտեսական թուլացման հրամայական կառուցվածքը

Գլոբալ տնտեսության թուլացման մասին վկայող վերջին նշանները շատերին ստիպել են մտածել այն մասին, թե տնտեսական վատ ցուցանիշները որքան տարածում կունենան գալիք տարիներին: Արդյո՞ք մենք առերեսվում ենք համաշխարհային տնտեսական կտրուկ անկման կամ հնարավոր է՝ նույնիսկ դեպրեսիայի:

Այսօր կանխատեսումներ անելու հիմնական խնդիրն այն է, որ տնտեսական ակտիվության տեմպի դանդաղման վերջնական պատճառներն իրոք հոգեբանական և սոցիոլոգիական են և կապված են տատանվող վստահության և փոփոխվող «կենսախնդության» հետ, որի մասին գրել ենք Ջորջ Ակերլոֆը և ես: Մենք պնդում ենք, որ նման տեղաշարժերն արտացոլում են փոփոխվող պատմություններ, նոր պատմությունների հանկարծակի տարածում և աշխարհի մասին նմանատիպ տեսակետներ, որոնք դժվար է քանակավորել:

Ի դեպ՝ թվում է՝ համաշխարհային տնտեսության ապագայի մասին պրոֆեսիոնալ տնտեսագետների մեծ մասի պատկերացումները շատ մռայլ չեն: Օրինակ՝ սեպտեմբերի 6-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) հրապարակեց մոտ ապագայում համաշխարհային տնտեսության հեռանկարի մասին Պիեր Կառլո Պադոանի հեղինակած փորձագիտական միջանկյալ գնահատականը, որտեղ նա բարեկրթորեն պատմում է հավանական, մոտալուտ «մեծ ռիսկերի» մասին. լեզվի նման կիրառությունը խոսում է անորոշության մասին:

Խնդիրն այն է, որ վիճակագրական մոդելները, որոնք կազմում են տնտեսագետներին հասանելի գործիքների փաթեթը, լավագույնս կիրառվում են սովորական ժամանակներում, և տնտեսագետները, բնականաբար, սիրում են իրադրությունը նկարագրել որպես նորմալ: Եթե տնտեսական զարգացման տեմպի ընթացիկ դանդաղումը բնորոշ է վերջին տասնամյակում տեղի ունեցած այլ դանդաղումներին, ապա մենք կարող ենք վերականգնման նույնպիսի գործընթաց կանխատեսել:

Օրինակ՝ անցած գարնանը Վաշինգտոնում գտնվող Brookings Institution հետազոտական կենտրոնում ներկայացված մի աշխատությունում Հարվարդի համալսարանի դասախոս Ջեյմս Ստոքը և Փրինսթոնի համալսարանի դասախոս Մարկ Ուոթսոնը ներկայացրին նոր՝ «դինամիկ գործոնի մոդել», որում կիրառվել են 1959-2011 թթ. տվյալները: Այսպիսով, դրանում չներառելով Մեծ դեպրեսիան, նրանք պնդում էին, որ ԱՄՆ-ում տնտեսական զարգացման տեմպի վերջին դանդաղումը հիմնականում չի տարբերվում նախորդներից՝ մի բացառությամբ, որ այս վերջինն ավելի մեծ ծավալներ ունի:

Նրանց մոդելը բոլոր ռեցեսիաների աղբյուրները նվազեցնում է ընդամենը վեց ցնցումների (նավթ, դրամավարկային քաղաքականություն, արտադրողականություն, անորոշություն, իրացվելիություն/ֆինանսական ռիսկ և հարկաբյուջետային քաղաքականություն) և 2007-ից հետո գրանցված տնտեսական անկման մեծ մասը բացատրում է այս գործոններից ընդամենը երկուսի համատեքստում՝ «անորոշություն» և «իրացվելիություն/ֆինանսական ռիսկ»: Սակայն նույնիսկ, եթե մենք համաձայն լինենք այս եզրահանգմանը, միևնույն է, ստիպված ենք մտածել, թե վերջին տարիներին ինչի հետևանքով մեծ ցնցումների ենթարկվեցին «անորոշություն» և «իրացվելիություն/ֆինանսական ռիսկ» գործոնները, և որքան հուսալիորեն այսպիսի ցնցումները կարող են կանխատեսվել:

Երբ վերցնում ենք վերջին մեկ-երկու տարիների արտաքին տնտեսական ցնցումների մասին վկայությունները, ի հայտ են գալիս պատմություններ, որոնց ստույգ նշանակությունը հնարավոր չէ իմանալ: Մենք միայն գիտենք, որ մեզանից շատերը դրանք բազմիցս լսել են:

Այդ պատմություններից ամենահայտնին եվրոպական ֆինանսական ճգնաժամն է, որի մասին խոսվում է ողջ աշխարհում: ՏՀԶԿ-ի փորձագիտական միջանկյալ գնահատականում այն նշվում էր որպես «համաշխարհային տնտեսության համար ամենակարևոր ռիսկը»: Դա կարող է անհավանական թվալ. ինչո՞ւ պիտի եվրոպական ճգնաժամն այդքան կարևոր լինի աշխարհի այլ վայրերում:

Պատճառը, իհարկե, մասամբ գլոբալ առևտրի և ֆինանսական շուկաների աճն է: Սակայն երկրների միջև կապերը չեն իրագործվում զուտ շուկայական գների ուղղակի ազդեցությամբ: Հասարակության հոգեբանության վրա փոխազդելը նույնպես կարող է ինչ-որ դեր խաղալ:

Սա մեր ուշադրությունը հրավիրում է պատմությունների կարևորության վրա և շատ է հեռու վիճակագրական այն վերլուծությունից, որն իրենց աշխատությունում որպես օրինակ են բերում Ստոքը և Ուոթսոնը: Հոգեբաններն ընդգծում են, որ մարդկային մտածողության հիմքում ընկած են պատմությունները. մարդիկ հիշում և ոգևորվում են պատմություններով, մասնավորապես իրական մարդկանց մասին մարդկային հետաքրքրությունը շարժող պատմություններով: Հանրահայտ պատմությունները հակված են բարոյական ասպեկտ ձեռք բերել, ինչի արդյունքում մարդիկ պատկերացնում են, որ վատ արդյունքները վկայում են բարոյական վճռականության որոշակի կորստի մասին:

Եվրոպական ճգնաժամն սկսվեց Հունաստանի ֆինանսական շուկայի փլուզման պատմությամբ, և ստացվում է այնպես, որ համաշխարհային ողջ տնտեսությունը վտանգված է ընդամենը 11 մլն բնակչություն ունեցող երկրի իրադարձություններով: Սակայն պատմությունների տնտեսական կարևորությունը սերտ հարաբերություն չունի դրանց դրամային արժեքի հետ (որը կարող է չափվել միայն փաստից հետո, եթե, ընդհանրապես, հնարավոր է չափել). փոխարենը այն կախված է դրանց պատմության արժեքից:

Հունաստանի ճգնաժամի պատմությունն սկսվեց 2008թ. զանգվածային ցույցերի և գործադուլի մասին տեղեկություններով, երբ երկրի կառավարությունն առաջարկեց բարձրացնել կենսաթոշակային տարիքը՝ կենսաթոշակային ֆոնդի սղության խնդիրը լուծելու նպատակով: Համաշխարհային լրատվամիջոցներում սկսեցին ի հայտ գալ լուրեր, որոնք սոցիալական աջակցություն ստանալու՝ քաղաքացու իրավունքի չափազանցված զգացում էին ստեղծում, հույները բողոքի էին դուրս գալիս փողոց, թեև կենսաթոշակային տարիքի բարձրացումը համեստ էր (օրինակ՝ երեխաներ կամ վտանգավոր աշխատանք ունեցող կանայք կկարողանային նպաստների ամբողջական փաթեթով թոշակի անցնել ընդամենը 55 տարեկանում, նախկին 50-ի փոխարեն):

Այս պատմությունը կարող էր Հունաստանից դուրս որոշ խոսակցությունների առիթ դառնալ, սակայն այն միջազգային քիչ ուշադրության արժանացավ մինչև 2009թ. վերջը, երբ հունական պարտքի համար շուկան սկսեց ավելի ու ավելի անհանգիստ դառնալ, իսկ բարձրացող տոկոսադրույքներն սկսեցին կառավարության համար հետագա խնդիրներ ստեղծել: Սա ավելացրեց հույների շվայտության մասին տեղեկությունները և այդպիսով խթանեց հետադարձ բացասական կապը՝ գրավելով հանրային մեծացող հետաքրքրությունը, որը, ի վերջո, ճգնաժամեր բորբոքեց եվրոպական այլ երկրներում: Ինչպես YouTube-ի տեսանյութը, հունական պատմությունը վիրուսի պես արագ տարածվեց:

Կարելի է առարկել, որ Եվրոպայից դուրս մարդկանց մեծ մասը, անշուշտ, ուշի ուշով չէր հետևում եվրոպական ճգնաժամին, իսկ ամենաքիչ տեղեկացվածները չեն էլ լսել այդ մասին: Սակայն յուրաքանչյուր երկրում հանրային կարծիք ձևավորողները, ինչպես նաև ամենաքիչ տեղեկացվածների ընկերները և հարազատները հետևում էին դրան, և նրանց ազդեցությունը կարող է ստեղծել մթնոլորտ, որում յուրաքանչյուր ոք պատրաստ կլինի ավելի քիչ ծախսել:

Հունաստանի պատմությունը, կարծես թե, շատերի մոտ ասոցացվում է անշարժ գույքի և ֆոնդային շուկայի փուչիկների հետ, որոնք 2007թ. նախորդեցին ներկա ճգնաժամին: Ակտիվների այս փուչիկները փչվել էին վարկավորման անփույթ չափանիշների և պարտք վերցնելու չափից ավելի մեծ պատրաստակամության պատճառով, ինչը նման էր շռայլ կենսաթոշակներ վճարելու նպատակով պարտք վերցնելու Հունաստանի կառավարության պատրաստակամությանը: Հետևաբար՝ մարդիկ հունական ճգնաժամը դիտեցին ոչ թե զուտ որպես փոխաբերություն, այլ որպես բարոյախրատական պատմություն: Բնական հետևանքը եղավ կառավարության խնայողական ծրագրերին աջակցելը, ինչը կարող է միայն է՛լ ավելի վատացնել իրադրությունը:

Այժմ եվրոպական պատմությունը մեզ հետ է՝ ողջ աշխարհում, այնքան կենդանի, որ նույնիսկ, եթե ստացվի այնպես, որ եվրոյի ճգնաժամը բավարար կերպով լուծված թվա, այն չի մոռացվի, մինչև մեկ այլ պատմություն չշեղի հանրության ուշադրությունը: Այդ ժամանակ, ինչպես հիմա, առանց հաշվի առնելու մարդկանց մտքում եղած պատմությունը, մենք չեն կարող լիովին հասկանալ համաշխարհային տնտեսական հեռանկարը:

Մեկնաբանել