Վրաստանի ընտրություններին կմասնակցեն ռեկորդային թվով դիտորդներ

Վրաստանում հոկտեմբերի 1-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգը կիրականացնեն 1500 օտարերկրացի դիտորդներ՝ 61 արտասահմանյան կազմակերպություններից, տեղեկացնում է Vesti.ru-ն: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով՝ ընտրություններին հետևելու են ռեկորդային թվով տեղացի դիտորդներ՝ ավելի քան 61 հազար մարդ, որոնք ներկայացնում են 50 հասարակական և ոչ կառավարական կազմակերպություններ: Ինչպես պարզաբանում են ԿԸՀ-ում, նման մեծ քանակությամբ տեղացի դիտորդներ Վրաստանի ընտրություններին երբեք չեն մասնակցել: Սա բացատրվում է ընտրությունների նկատմամբ մեծ հետաքրքրությամբ ինչպես Վրաստանի բնակչության, այնպես է միջազգային հանրության կողմից: Քվեարկությունը տեղի կունենա երկրի 3719 ընտրական տեղամասերում և աշխարհի 36 պետություններում:

ԿԸՀ-ի տվյալներով՝ արտասահմանում Վրաստանի քաղաքացիների ընդհանուր քանակը, որոնք հաշվառված են դեսպանատանը և ընտրելու իրավունք ունեն, կազմում է 42 613, իսկ Վրաստանի տարածքում ընտրողների թիվը՝ 3 613 851 մարդ:

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին  կընտրվեն 150 պատգամավոր, որոնցից 77-ը՝ համամասնական ցուցակով, 73-ը՝ մեծամասնական: Խորհրդարանում տեղեր զբաղեցնելու համար կուսակցությունները պետք է ստանան քվեարկողների 5%-ց ոչ պակաս ձայն: