Փաշինյանի խոսքով՝ 40 հազար ընտանիք տեղավորելու շուրջ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել

Ներկայում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա։ Այդ մասին քիչ առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերով դիմելով քաղաքացիներին։

«Ես երկար ժամանակ Ադրբեջանին մեղադրել եմ, որ նրանք Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների են ենթարկում։ Հիմա, որ վերլուծում ենք իրավիճակը, այնպիսի տպավորություն է ստացվում, որ ուժեր կան, որոնք ուզում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու ադրբեջանական պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանը, այսպես ասած, մեղադրվելու որևէ առիթ չունենա։ Այսինքն՝ ասի՝ տեսեք Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի հայությունը որոշեցին, որ ԼՂ-ում որևէ հայ պետք է չմնա ու դուրս եկան»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ հանրապետությունում մոտավորապես 40 հազար ընտանիք տեղավորելու շուրջ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել։

«Բայց մենք չենք ուզում սրա մասին ասել, ինչո՞ւ, որովհետև մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ապրեն իրենց հողում։

Փաշինյանը նաև հավելեց, որ նախորդ օրը ավելի քան 10 հազար մարդ հրավիրվել է Ստեփանակերտի օդանավակայան՝ Հայաստան տեղափոխման համար։

«Նրանց լուսանկարահանել են ու տեսանկարահանել, որից հետո ասել են, որ Հայաստանի Հանրապետությունը թույլ չի տալիս, որ դուք գնաք Հայաստան։ Ինձ համար ակնհայտ է, որ սա արվում է Հայաստանում ներքաղաքական ցնցումներ ու լարվածություն առաջացնելու նպատակով»,- հայտնեց Փաշինյանը՝ հավելելով, որ ներկայում տարբեր շրջանակներ «ուզում են իշխանություն Երևանում արյուն հեղի», ինչը չի լինի․ իշխանությունը կլինի օրենքի շրջանակում ու կոշտ։

Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկություններ հաղորդեց Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նա, մասնավորապես ասաց, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումից հետո Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ գտնվել են հրադադարի հաստատման պահին։

«Այսօր, ցավոք, մի միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում, ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է։ Ես տեսա, որ տեղեկություններ կան, թե Ստեփանակերտում են ադրբեջանական զորքերը, իհարկե, նման բան չկա»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Մարտակերտ ու Մարտունի տանող ճանապարհին որոշակի խնդիրներ կան։

«Մեր ամենամեծ ուշադրությունը վերցնող հարցերից է քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները, որոնք պարզապես չեն համապատասխանում իրականությանը»,- նշեց նա։

Փաշինյանը խնդրեց ոչ մի րոպե չմոռանալ, որ ի սկզբանե ինքը հայտարարել էր, թե այս գործընթացի նպատակներից մեկն էլ Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է․ «Սա մեկ խնդիր, որը նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել։ Այն, որ Լեռնային Ղարաբաղում հրադադար է հաստատված, դեռ չի նշանակում, որ այդ նպատակներն այլևս օրակարգում չեն այն մարդկանց, որոնք դրանք բերել էին»,- հավելեց Փաշինյանը։

Նա կրկին ընդգծեց, որ Հայաստանը որևէ կերպ մասնակից չի եղել Ղարաբաղում հրադադարի հաստատման քննարկումներին, ընդամենը տեղյակ է եղել գործընթացներից։

Նա նաև մեղադրեց ռուսական խաղաղապահ զորակազմին՝ ասելով, որ չպետք է աչք փակել այն բոլոր բացթողումներին, որոնք թույլ են տվել խաղաղապահները Արցախում։

Եվլախի հանդիպման մասին

Փաշինյանը անդրադարձավ նաև Եվլախում Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպմանը։ Ասաց, որ Արցախի իշխանությունները դեռևս պաշտոնական տեղեկատվություն չեն հրապարակել, սակայն ադրբեջանական կողմը մանրամասներ է ներկայացրել ու փորձել տպավորություն ստեղծել, որ դրական հունով են ընթանում գործընթացները։

Ըստ Փաշինյանի՝ սա կարող է կապ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօր կայանալիք նիստի հետ, որտեղ քննարկվում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը։

Մեկնաբանել